Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խնկո Ապոր անվան գրադարանը համալրվել է արաբական մանկապատանեկան գրականությամբ

Խնկո Ապոր անվան գրադարանը համալրվել է արաբական մանկապատանեկան 
գրականությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85-ամյակի կապակցությամբ գրադարանը հյուրընկալել էր մանկապատանեկան գրքի և ընթերցանության հանրայնացման գործում մեծ դեր ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչների:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է IBBY ԱՄԷ մասնաճյուղի հանրային նախաձեռնությունների համակարգող Ալի Ռադհի Ալի Ալ-Ամմարի հետ:

«Մենք մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի (IBBY) մի մասն ենք կազմում: Մեր նպատակը մանկական գրականությունն աշխարհում տարածելը, գրողին, ձևավորողին, հրատարակչին, գրքի հետ առնչություն ունեցող յուրաքանչյուրին միավորելն է: Սիրով ենք մասնակցում Խնկո Ապոր գրադարանի  հոբելյանին նվիրված միջոցառումներին, և, քանի որ գրադարանի տնօրինությունը  որոշել է այստեղ արաբական անկյուն բացել, մենք բազմաթիվ գրքեր ենք բերել մեզ հետ ու նվիրել գրադարանին: Նպատակը հայ-արաբական մշակութային հարաբերություններն ավելի ամրապնդելն ու մեր լեզուն ձեր երկրում տարածելն է»,- զրույցի սկզբում ասաց Ալի ԱլՇեմարը:

-Արաբական Միացյալ Էմիրություններում ինչպե՞ս է խրախուսվում մանկապատանեկան գրականությունը: Ի՞նչ հարցեր են արծարծում ձեր երկրում ընթերցվող մանկական գրքերը:

-Ըստ իս՝ գրականության կարևորագույն նպատակը երեխաների պատկերավոր երևակայությունը զարգացնելն է: Կողմ ենք յուրաքանչյուր լավ մանկական գրքի, բայց մեր կոմիտեն գրքեր չի հրատարակում  կամ  թարգմանում, մենք զբաղված ենք գրականության տարածմամբ: Ցանկանում ենք, որ երեխաները սիրեն ընթերցանությունը և հետաքրքրվեն գրքերով:

Տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով այլ ժողովուրդների հեքիաթները ներկայացնում ենք աշխարհում: Մենք դեմ չենք դրսի մշակույթը մեր երկրում տարածելուն: Մեծ մասամբ թարգմանվում է արևմտյան գրականությունը:

-Նշեցիք, որ բազմաթիվ գրքեր եք բերել ձեզ հետ, որ դրանք ոչ միայն այս գրադարանում են լինելու, այլև տրամադրվելու են ՀՀ մարզերի գրադարաններին: Միայն արաբակա՞ն, թե՞ նաև այլ ժողովուրդների գրականություն եք բերել:

-Մեզ խնդրել էին միայն արաբական գրքեր բերել: Ընտրել ենք մեր լավագույն տեսականին, չենք ներառել կրոնական և կրթական գործերը: Ներկայացնում ենք գրքեր, որոնք երեխաները կընկալեն, որոնք ուսուցանող են, միևնույն ժամանակ հաճելի: Մենք մարդասիրություն քարոզող գրքեր ենք տարածում, ի վերջո հենց մարդասիրությունն ու մշակույթն են մեզ միավորում: Ես չեմ կարող ձեզ հետ  համագործակցել, եթե մեր միջև մշակութային կապեր չլինեն: Մշակույթի միջոցով ենք մենք միմյանց ճանաչում և հարաբերություններ կառուցում: Դա այն է, ինչին մենք հավատում ենք:

-Իսկ դուք ծանո՞թ եք հայկական հեքիաթներին:

-Պետք է խոստովանեմ, որ ոչ: Աշխարհի բոլոր երկրներում հեքիաթները նույնն են, պարզապես տարբեր ձևաչափերով են կառուցված: Երբ ընթերցում ես որևէ ժողովրդական հեքիաթ, թվում է, թե այն տարբերվում է մյուս ժողովուրդների հեքիաթներից, բայց իրականում իմաստը և ասելիքը նույնն են:

-Մի քանի օր է, որ Հայաստանում եք, երկար ժամանակ եք անցկացնում Խնկո Ապոր գրադարանում: Ի՞նչ տպավորություններ ունեք:

-Այստեղ մթնոլորտը հրաշալի է: Մենք հնարավորություն ունեցանք զրուցել ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանի հետ, և ես հասկացա, որ ձեր երկիրը բավականին լուրջ քայլերով է առաջ ընթանում: Բնականաբար, կցանկանանք շարունակել ձեզ հետ համագործակցությունն ու ծրագրել ենք ամբողջ թիմով գալ Հայաստան և այստեղ վարպետության դասեր անցկացնել: Շատ տպավորված ենք և շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am