Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Տարածքային ամբողջականության Թեհրանի յուրովի ընկալումը. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

Տարածքային ամբողջականության Թեհրանի յուրովի ընկալումը. Շահան 
Գանտահարյանի նոր հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարա-Բաքու-Թեհրան եռակողմ ձեւաչափով կայացած հանդիպումից բխած հռչակագիրը, անկախ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական մակարդակի վրա համագործակցության առանցքներ ճշտելուց, բաժին էր հատկացրել նաեւ արցախյան հակամարտությանը։

Պետք է ասել, որ նման ձեւաչափով տասնյակ  նախընթաց հանդիպումներ էին կայացել եւ Արցախի հակամարտության առումով վերջին հռչակագիրը հիմնական նորություն չի բովանդակում, համեմատաբար մի  տարի առաջ գումարված նախորդ հանդիպման որդեգրած հռչակագրից։

Պարզ է, որ այստեղ երկու պետությունների գերատեսչությունների ղեկավարներն ամեն գնով գերակա սկզբունք պիտի ցանկանային համարել երկրների տարածքային ամբողջականությունը։ Չեզոքության պահպանման իր ճիգում Թեհրանը, հայտնաբար չպիտի ուզեր միակողմանի դիրքորոշում որդեգրած լինել։ Եւ այստեղ է, որ պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչը հատուկ արձագանքմամբ որոշակի խուսանավում կատարեց։

Բայց նախքան այդ արձագանքին անդրադառնալը, նախ հրապարակված հռչակագրի տեքստում նկատի ունենանք որոշակի բաց դուռ միջազգային օրենքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրաւունքի համատեղման ուղղությամբ։ Եւ ապա՝ զուտ իրանյան դիտակետից որոշ խնդիրների զարգացման կանխարգելման։

Այսպես. երբ ասվում է, որ կողմերը շեշտում են իրենց հանձնառությունը միջազգային օրենքի, հատկապես գերիշխանության հարգանքի եւ զորակցության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության, բոլոր վեճերի խաղաղ ճանապարհով լուծման, եւ ներքին գործերին չմիջամտելու, առաջին հայացքից ենթադրվում է, որ բանաձեւը վերաբերում է հատուկ Արցախին։

Նախ, երբ ընդհանրապես միջազգային օրենքն է ակնարկվում, այդ օրենքը նաեւ ներառում է ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքը, ինչը այստեղ առանց նշվելու, շրջանցվելով՝ անուղղակիորեն ակնարկվել է։

Սակայն Թեհրանը այսօր բոլոր ժամանակներից աւելի ռազմավարական գործընկերների կարիք ունի՝ իր հանդեպ Վաշինգտոնի կիրառած մեկուսացման քաղաքականության դեմ կանխարգելման միջոցների դիմելու։ Բոլթոնի տարածաշրջանային այցելության ընթացքում կարեւոր հանգրվան էր Բաքուն, ոչ միայն իբրեւ սահմանամերձ Իրանի իր հանգամանքով, այլ նաեւ Իրանում բազմամիլիոնանոց ազգակիցներ ունենալու իրականությամբ։

Բացառված չէ, որ անթեղված անջատողական տրամադրությունների բարձրացման գործոններն իրականացվեն, այդ ալիքի բարձրացման եւ պաշտոնական Թեհրանի վրա ճնշամիջոցներ բանեցնելու նպատակադրությամբ։

Հետեւաբար, ներկա պայմաններում Իրանն իր գործընկերների միացյալ հանձնառության կարիքն ունի՝ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքների հանդեպ։

Եւ եթե Անկարայի եւ Բաքվի քաղաքական մղումները գնում են դեպի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության շեշտում, Թեհրանի առաջնահերթությունը այս դեպքում տարբեր է, մանաւանդ ներկա հանգամանքների նկատումով։

Այդ պատճառով էլ հռչակագրի բովանդակության մասին  իր արձագանքման ընթացքում Իրանի արտգործնախարարը Արցախի հակամարտության առումով բավարարվել է շեշտելով, որ հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, միջազգային իրաւունքի եւ նորմերի հիման վրա։ Պարզորեն, այս հայտարարությամբ  Իրանի արտգործնախարարը խնամքով դուրս է մղել այն, ինչը որ Արցախի ուղղությամբ Անկարայի եւ Բաքվի բանաձեւումով տեղ է գտել հռչակագրում։ Ընդգծելով՝ որ տարածքային ամբողջականության գերակայությունը անպայման չի վերաբերում Ադրբեջանին։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ