Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պահի պատմականությունն այն է, որ մենք ՀՀ-ում իշխանությունը լիարժեքորեն վերադարձնում ենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյանը՝ սպասվող քաղաքական գործընթացների մասին

Պահի պատմականությունն այն է, որ մենք ՀՀ-ում իշխանությունը լիարժեքորեն 
վերադարձնում ենք ժողովրդին. Նիկոլ Փաշինյանը՝ սպասվող  քաղաքական 
գործընթացների մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու  Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում ունեցած ելույթում արձանագրեց, որ քննարկման արդյունքում վարչապետ չի ընտրվելու, և խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը իր ելույթում գնահատեց նաև պահի պատմականությունը: «Այսօրվա  քննարկման  արդյունքում  Հայաստանի  Հանրապետության վարչապետ չի ընտրվելու և Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով: Ես ուզում եմ գնահատել այս պահի պատմականությունը, որովհետև պատմականությունն այն չէ, որ Ազգային ժողովը լուծարվում է, և մենք առաջին անգամ ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեր երկրում: Պատմականությունն այն է, որ ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը լիարժեքորեն վերադարձնում ենք Հայաստանի քաղաքացիներին և հետագա քաղաքական գործընթացների ճակատագիրը որոշելու ամբողջ լիազորությունը վերադարձնում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ժողովրդին»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց՝ այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան ունենալու ենք մի իրավիճակ, երբ չունենք լիարժեք լիազորությունների մեջ գտնվող Ազգային ժողով, չունենք կառավարություն, որովհետև կառավարության անդամները պաշտոնակատարներ են: «Մենք ի վիճակի ենք լինելու ապահովել ընտրությունների 100 տոկոսով օրինականությունը, բոլորս վստահ կլինենք, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են ժողովրդի կամարտահայտության արդյունքում,  հետևաբար,  այսօր մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը հասնում է լրումին: Եվ դե ֆակտո ժողովրդին վերադարձված իշխանությունը ժողովրդին է վերադարձվում դե յուրե,  և ժողովուրդը հնարավորություն ունի դեկտեմբերին կայացրած դե յուրե և դե ֆակտո որոշմամբ որոշել իշխանության հետագա ճակատագիրը Հայաստանում»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ Փաշինյանը վստահություն հայտնեց, որ  ժողովուրդը ամուր կպահի իր ձեռքում իշխանությունը ոչ միայն հիմա, այլ ընդմիշտ և այլևս երբեք այդ իշխանությունը բաց չի թողնի իր ձեռքից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am