Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Էլեկտրակայան կառուցելու «Ռենկո»-ի ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար. Նիկոլ Փաշինյան

Էլեկտրակայան կառուցելու «Ռենկո»-ի ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի 
միջազգային ներդրողների համար. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված և վերաշարադրված շրջանակային համաձայնագրի բանակցությունները ամենաբարդ թեմաներից մեկն է եղել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համաձայնագրի մասին նախագծին, որին գործադիրը հավանություն տվեց:

«Ուզում եմ ասել, որ այս թեման մեր կառավարության ձևավորման օրվանից ամենաակտիվ բանակցվող և ամենաբարդ թեմաներից մեկն էր, և բազմաթիվ քննարկումներ են եղել մասնագիտական, քաղաքական, տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ: Այս շրջանակային համաձայնագիրը կնքվել էր ավելի վաղ՝ մեր կառավարության ձևավորումից առաջ՝ 2017 թվականին, և ըստ էության, որոշակի պարտավորություններ կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունն արդեն ստանձնել էր: Առաջին հարցը, որ քննարկվել է, հետևյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի՞ նոր գազատուրբինային կայանի: Այս հարցի պատասխանը դրական էր, միանշանակ, տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի այդ կայանը: Համենայն դեպս, ես այլ առարկություն այդ թեմայի վերաբերյալ չեմ լսել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, հաջորդ խնդիրը գնի հետ կապված խնդիրն էր: «Մենք կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է, և բանակցությունների ընթացքում այդ գինը փոփոխության ենթարկվեց, այսինքն՝ նվազեց, և տվյալ դեպքում մենք հասել ենք մի սակագնի, որը ոչ թե նեգատիվ, այլ պոզիտիվ ազդեցություն կունենա մեր էլեկտրաէներգիայի սակագնի վրա, այսինքն՝ եթե նորմալ ռեժիմով օգտագործում ենք, էլեկտրաէներգիայի սակագնի վրա նոր ծանրաբեռնվածություն չի ավելանա, այլ, ընդհակառակը, թեթևացնող ազդեցություն կունենա: Հաջորդ խնդիրը հետևյալն էր, որ մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որ նախկինում սկսված մի քանի ներդրումային ծրագրերի հետ կապված խնդիրներ ունենք: Քաղաքական առումով շատ կարևոր է, որպեսզի մեր գործողությունները սխալ մեկնաբանությունների չարժանանան միջազգային ներդրումային միջավայրում, որովհետև կարող է սխալ տպավորություն ստացվել, թե մենք օտարերկրյա ներդրումների ճանապարհները բոլոր հնարավոր տարբերակներով փակում ենք: Այս ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար և այս իմաստով նույնպես կարևոր նշանակություն կունենա: Ենթադրում է 1200 նոր աշխատատեղ, ինչը նույնպես կարևոր է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ նրա, Կենտրոնական բանկը խնդիր ուներ պայմանագրի կետերից մեկի վերաբերյալ, որն, ըստ Նիկոլ Փաշինյանի, իրոք մտահոգիչ կետ էր, և բանակցությունների ընթացքում այդ կետն ընդհանրապես հանվել է պայմանագրից: «Մեր պարագայում, իհարկե, ամենամեծ բանավեճը շարունակում էր մնալ՝ ինչո՞ւ ոչ մրցութային կարգով և ինչո՞ւ բանակցությունների եղանակով: Իհարկե, միշտ էլ նախընտրելի է մրցութային կարգով անել ամեն ինչ, բայց տվյալ դեպքում քանի որ արդեն գոյություն ուներ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորություն, մենք մտածեցինք, որ վերաբանակցման արդյունքներով կարող է ընդունելի լինել նաև այս տարբերակը, մանավանդ որ տարածաշրջանային իրավիճակի վերլուծությունը ցույց տվեց, որ նույն մրցութային տարբերակով Վրաստանում կառուցվել է նմանատիպ էլեկտրակայան, և փաստացի ավելի բարձր սակագին ենք մենք ստացել:

Կարծում եմ՝ հիմա հավանություն տալով՝ մենք կհանձնարարենք Էներգետիկայի նախարարությանը, և այստեղ նաև խնդիր կար, որ որոշակի ժամկետներով կաշկանդված ենք, և ժամկետների մեջ տեղավորվել-չտեղավորվելը նշանակում է, ըստ էության, պայմանագիրը խզել կամ չխզել: Այս ընտրանքը վերջնական կատարելու համար ևս 5-6 օր ժամանակ ունենք, և դա օգտագործենք վերջին նյուանսները ճշգրտելու, վերջին մտահոգությունները փարատելու և քննելու համար: Դրանից հետո, երբ էներգետիկայի նախարարը և փոխվարչապետը ինձ տեղյակ կպահեն, որ քննարկված է, և այդ քննարկումների արդյունքների մասին նույնպես հավելյալ կտեղեկանամ, դրանից հետո՝ իմ հանձնարարականը ստանալուց հետո միայն էներգետիկայի նախարարը կստորագրի այդ համաձայնագիրը: Սա է այս որոշման համատեքստը և պայմանը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am