Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է համաներման մասին նախագծում մի շարք հոդվածներ ավելացնել

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է համաներման մասին նախագծում մի շարք 
հոդվածներ ավելացնել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ համաներում հայտարարելու մասին նախագծում պետք է ներառվեն մի շարք հոդվածներ ևս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին հայտարարեց ԱԺ-ում նախագծի առաջին ընթերցմանը:

«Ես հանդիպել եմ կալանավորների հարազատների հետ, ովքեր կարծում են, որ այս ակտն աննախադեպ չէ: Նրանք առաջարկում են որոշ հոդվածներ, որոնք ևս պետք է ընդգրկվեն: Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում վեց տարի է՝ համաներում չի եղել: Եվ ակնկալիքն այն էր, որ ավելի լայն հոդվածներ պետք է ներառվեին: Մենք, ինչպես առաջին ընթերցմանը, այնպես էլ երկրորդին պնդելու ենք, որ շատ հոդվածներ ևս ներառվեն»,-ասաց Զոհրաբյանը:

Նրա կարծիքով՝ նախագծի քննարկմանը հետևում են հազարավոր քաղաքացիներ, ում ճակատագիրը կարող է որոշվել դրանով: Զոհրաբյանը նշեց, որ եթե շատ պատգամավորների համար սա մարդասիրական ակտ է, ապա իր համար իր կյանքի ամենօրյա աշխատանքն է: «Ես այն եզակի պատգամավորներից եմ, ով ամենօրյա ռեժիմով կապի մեջ է կալանավորների հետ »,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց, որ առաջիկայում առաջարկությունների փաթեթ է ներկայացնելու ընդհանրապես քրեակատարողական հիմնարկների մասին:

Նրա առաջարկներից մեկը վերաբերելու է զինվորական ծառայության ընթացքում կատարած հանցանքի համար ցմահ ազատազրկվածներին: Ցմահ ազատազրկվածների թիվը իննսուներեքն է: «Նրանցից տասնվեցը 18-21 տարեկանում են կատարել այդ արարքը: Տարբեր երկրներում ցմահ ազատազրկում նշանակում են 21 տարեկանից սկսած: Անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի: 93 ցմահ դատապարտվածներից 13-14-ը զինվորական ծառայության ժամանակ բանակում կատարած դեպքերի համար են կրում պատիժը: Եկեք մեր խղճի առաջ անկեղծ լինենք. սպան փորձել է անարգել զինվորին, արդյունքում սպայի մահ է եղել: Այդ տղաներն արդեն քսան տարի բանտում են: Իրավունք ունեն արդյոք նրանք ակնկալել, որ վաղաժամկետ ազատ կարձակվեն»,ասաց Զոհրաբյանն ու  հորդորեց այդ տասնչորս դեպքերը կրկին քննել, անհատական մոտեցում ցուցաբերել՝ հատկապես մեկ վկայի ցուցմունքի վրա դատապարտված անձանց:

«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջն ընթերցմամբ: Երկրորդ ընթերցումը կկայանա նոյեմբերի մեկին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am