Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Ում կհաջողվի ստանալ Վրաստանի ժողովրդի վստահության քվեն

Ում կհաջողվի ստանալ Վրաստանի ժողովրդի վստահության քվեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարևան Վրաստանը նախապատրաստվում է նախագահական ընտրությունների անցկացմանը, որը տեղի կունենա 2018 թվականի հոկտեմբերի 28-ին։ Եթե մինչ օգոստոսի վերջը հիմնական քաղաքական ինտրիգն այն էր` արդյոք իշխող թիմը կառաջադրի թեկնածու, թե ոչ, ապա այժմ քննարկվում է երկրորդ փուլի անցկացման հարցը:

Հատկանշական է, որ 2018թ. գարնանը հաստատված սահմանադրական փոփոխությունների (ուժի մեջ կմտնեն նախագահական ընտրություններից հետո) համաձայն՝ նախագահական այս ընտրությունները վերջին համաժողովրդական ընտրություններն են, և հետագայում Վրաստանի նախագահները պետք է ընտրվեն 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կողմից:  Ըստ Սահմանադրության բարեփոխումների՝ Վրաստանն անցում  է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ պետության ղեկավարի լիազորությունները զգալիորեն կրճատվում են, իսկ խորհրդարանինը՝ ընդլայնվում: Մասնավորապես՝

  • խորհրդարանի անդամները իրավունք կունենան պաշտոնանկ անել ոչ միայն նախագահին, վարչապետին կամ նախարարներին, այլև Գերագույն դատարանի անդամներին և գլխավոր դատախազին,
  • լուծարվում է նախագահին կից գործող Ազգային անվտանգության խորհուրդը,
  • նախագահը միայն կառավարության համաձայնությամբ կարող է իրականացնել ներկայացուցչական իրավասություններ միջազգային հարաբերություններում, բանակցել այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, ընդունել այլ երկրների և կազմակերպությունների դեսպաններին և այլն,
  • նախագահն այլևս չի կարող դիմել կառավարությանը և քննարկման ներկայացնել ցանկացած հարց,
  • նախագահը չի կարող մասնակցել կառավարության նիստերին և այլն: 

Վրաստանի նախագահական այս ընտրություններն աչքի են ընկնում բավական մեծ մրցակցությամբ. Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է 25 թեկնածու, որից 19-ն առաջադրվել են կուսակցությունների, իսկ 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից: Չնայած նախագահի պաշտոնի հավակնորդների նման մեծ թվին՝ տարբեր տեղական և միջազգային  կազմակերպությունների (NDI, IRI) կողմից իրականացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ ընտրապայքարում կա հստակ ընդգծված առաջատարների եռյակ: Ըստ տվյալների՝ հոկտեմբերի 28-ի ընտրություններին առավել թվով ձայներ կստանան՝ Դավիթ Բաքրաձեն (Սահակաշվիլիի իշխանության օրոք Վրաստանի խորհրդարանի նախագահ, այժմ`«Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու), Սալոմե Զուրաբիշվիլին (Սահակաշվիլիի իշխանության շրջանում արտգործնախարար, այժմ «անկախ» թեկնածու, ում աջակցում է իշխող «Վրացական երազանքը») և Գրիգոլ Վաշաձեն (Սահակաշվիլիի իշխանության ժամանակ արտգործնախարար և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը): Հատկանշական է, որ, ըստ հանրային տրամադրությունների ուսումնասիրությունների արդյունքների, ամենայն հավանականությամբ, թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվի հավաքել ձայների 50 տոկոսից ավել քվե և կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ:

Վրաստանի նախագահական ընտրություններն առանձնանում են նաև այն հանգամանքով, որ ընտրություններում Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխող կուսակցությունը չի առաջադրել թեկնածու: Վրաստանի նախկին վարչապետ և իշխող կուսակցության ներկա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ  իշխանությունը պատրաստ է «զիջել» այդ պաշտոնն ընդդիմությանը կամ սատարել անկախ թեկնածուներից մեկին: Իշխող «Վրացական երազանքը» գնաց երկրորդ տարբերակով՝ աջակցություն հայտնելով անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, ով, հաղթանակի դեպքում, կլինի Վրաստանի պատմության մեջ առաջին կին նախագահը:

Համառոտ անդրադառնանք Վրաստանի նախագահի պաշտոնի երեք գլխավոր հավակնորդներին:

Դավիթ Բաքրաձե

«Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն խոստացել է ապահովել երիտասարդության կրթության ֆինանսավորումը Եվրոպայում, տրամադրել օգնություն Վրաստանում ապօրինի միգրանտներին և բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը:

Նշենք, որ Դավիթ Բաքրաձեն նախկինում աշխատանքային գործունեություն է ծավալել հիմնականում երկու կառույցներում`Վրաստանի խորհրդարանում և արտաքին գործերի նախարարությունում` ուսմանը զուգահեռ: Ի հակադրություն տարածված այն կարծիքի, որ վրացական ընտրազանգվածը նախապատվությունը տալիս է բռնկուն քաղաքական գործիչներին, Բաքրաձեն իր խաղաղ և փոխզիջումային բնույթով բավական բարձր վարկանիշ ունի: Սահակաշվիլիի իշխանության օրոք նրան հիմնականում քննադատել են գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանի վերահսկողական դերակատարման նվազման պատճառով:

Բաքրաձեն Վրաստանում խորհրդարանի ղեկավար եղած տարիներին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Վրաստանի համար Հայաստանը առաջնային դիրքերում է, իսկ հայ-վրացական հարաբերությունները՝ կովկասյան կայունության հիմքն են։ Իր մեկ այլ հայտարարության մեջ անդրադառնալով  Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, նշել է, որ դրանք զարգանում են այնպես, ինչպես զարգացել են պատմության ու հատկապես վերջին բոլոր տարիների ընթացքում: «Տարեցտարի աճում է այն բանի գիտակցությունը, թե որքան սերտորեն են փոխկապված Վրաստան-Ադրբեջան շահերը»։ Վրացական խորհրդարանի նախկին խոսնակը նաև վստահություն էր հայտնել, որ Ադրբեջանն այն երկրներից մեկն է, որի հետ Վրաստանը լավ, «ռազմավարական առումով՝ բարեկամական» հարաբերություններ ունի: 

Դ. Բաքրաձեն Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությանը շատ մեծ կարևորություն է տալիս, այն համարելով ամբողջ տարածաշրջանի անվտանգությանն ուղղված քայլ: Նա կարծում է, որ ՆԱՏՕ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալը Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու և հակամարտությունները կարգավորելու միակ ճանապարհն է: 

Սալոմե Զուրաբիշվիլի

Պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին,  ում սատարում է իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը, մտադիր է իրականություն դարձնել այն գաղափարը, ըստ որի ծերանոցների և մանկապարտեզների միջև  անհրաժեշտ է կապ ստեղծել, որպեսզի տարեցները կարողանան կիսվել իրենց կյանքի փորձով կրտսեր սերնդի հետ: Բացի այդ, նա հանդես է գալիս կանանց իրավունքների պաշտպանության դիրքերից և խոստանում է լինել կամուրջ ժողովրդի և կառավարության միջև:

Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիայում և շուրջ  30 տարի զբաղվել է դիվանագիտական աշխատանքով Ֆրանսիայի արտգործնախարարությունում: 2003թ. նա նշանակվել է Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իսկ արդեն 2004թ. ստանձնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Զուրաբիշվիլին ԱԳ նախարարի պաշտոնում իր կատարած գլխավոր գործը համարում է Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերումը (նրա պաշտոնազրկումից հետո այդ որոշումը չեղարկվել է և ստորագրվել է ռուս-վրացական նոր համաձայնագիր):

2005թ. նա հիմնադրել և ղեկավարել է ընդդիմադիր «Վրաստանի ուղի» կուսակցությունը: Զուրաբիշվիլին մշտապես նշել է, որ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ ընդգծելով, որ դատապարտելի է վրացական էլիտայի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: 

 Նշենք նաև, որ սա Վրաստանի նախագահ դառնալու Զուրաբիշվիլիի առաջին փորձը չէ: 2013 թվականին ևս նա ցանկանում էր մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն նրան մերժեցին գրանցել կրկնակի քաղաքացիության պատճառով:

Ի դեպ Զուրաբիշվիլին թեկնածուներից միակն է, ով նախընտրական քարոզարշավի շրջանակներում արդեն այցելել է Ջավախք և այցի ընթացքում նրա բոլոր ելույթները թարգմանվել են հայերեն: Այցի ընթացքում նա հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ, նշելով, որ. «Սահակաշվիլին թուրքերին վրացական քաղաքացիություն էր բաժանում, իսկ ջավախահայերին՝ ոչ»: Այս հայտարարությամբ նա իր դեմ է հանել մյուս թեկնածուներին, ովքեր Զուրաբիշվիլիին մեղադրում են անջատողականություն քարոզելու ու ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ:  Բաքրաձեն հակադարձելով այդ հայտարարությանը նշել է, որ ջավախահայերի քաղաքացիության խնդիրը ողջ սրությամբ ի հայտ է եկել հենց «Վրացական երազանքի» իշխանության տարիներին:

Պետք է նշել, որ Բաքրաձեն այս հարցում մասամբ իրավացի է: Երկքաղաքացիությունը բացառող դրույթը Վրաստանի հիմնական օրենքի տեքստում տեղ գտավ Մ. Սահակաշվիլիի նախագահության վերջին տարիներին իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Դրա արդյունքում վրացական,  հայկական կամ ռուսական անձնագիր ունեցող ջավախահայերը ծանր ընտրության առաջ կանգնեցին արդեն «Վրացական երազանքի» իշխանության տարիներին` 2012 թվականից հետո: Պաշտոնական տվյալների համաձայն 2012-2018 թվականներին սահմանադրական փոփոխությունների հետևանքով Վրաստանի քաղաքացիությունից է հրաժարվել շուրջ 30 հազար մարդ, որոնց 80 տոկոսը՝ ազգությամբ հայ:

Զուրաբիշվիլին, սակայն առավել կոշտ քննադատության է ենթարկվում իր մեկ այլ հայտարարության համար, ըստ որի՝ 2008 թվականին Վրաստանն է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Ավելի ուշ նա փորձել է բացատրել, որ «2008 թվականին ագրեսորի դերում Ռուսաստանն էր, սակայն Սահակաշվիլին տրվեց սադրանքին, և դա որպես առիթ օգտագործեց Վրաստանի դեմ պատերազմ սանձազերծելու համար»: Չնայած բոլոր արդարացումներին՝ հանրային որոշ շրջանակներ նրան ընկալում են որպես ռուսամետ գործիչ:

Գրիգոլ Վաշաձե

Տասը ընդդիմադիր կուսակցությունների ձևավորած «Ուժը միասնության մեջ է» դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն առաջարկում է բարձրացնել ոստիկանության աշխատակիցների և ուսուցիչների աշխատավարձերը, ինչպես նաև թոշակները (մինչև 153 դոլար):

Վրաստանի նախկին արտգործնախարարը կյանքի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանում, 1980-88 թվականներին աշխատել է ԽՍՀՄ արտգործնախարարությունում: Ռուսաստանի քաղաքացիություն ստացել է Խորհրդային Միության փլուզումից հետո, իսկ հրաժարվել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Վաշաձեի մասին մշտապես հիշատակվում է որպես խորհրդային դիվանագիտական դպրոցի ներկայացուցիչ:

ԱԳ նախարար եղած տարիներին Գ. Վաշաձեն տարբեր առիթներով անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը՝ նշելով, որ բանակցությունների յուրաքանչյուր ձևաչափ ավելի լավ է, քան հակամարտությունը: Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ Հարավային Կովկասը միասնական օրգանիզմ է, և բոլոր պետությունները պետք է գիտակցեն, որ «մենք գտնվում ենք մեկ նավակում»` հավելելով, որ եթե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ լինի Վրաստանի միջնորդությունը, ապա վրացական կողմը պատրաստ է ստանձնել նման դերակատարում: 2009թ. Երևանում Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Վաշաձեն, անդրադառնալով Ջավախքին ու ջավախահայության խնդիրներին, նշել է, որ «ոչ մի կառավարություն այդքան չի արել ազգային փոքրամասնությունների համար, որքան Վրաստանի կառավարությունը 2003 թվականից ի վեր», և գոյություն չունի Ջավախքի խնդիր, գոյություն ունի սոցիալ-տնտեսական խնդիր Ջավախքում` ինչպես Վրաստանի այլ շրջաններում:

Գրիգոլ Վաշաձեն նույնպես կարծում է որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հրատապ խնդիր է, համարելով, որ ՆԱՏՕ-ն կարող է աջակցություն ցուցաբերել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ 

Ամփոփելով կարող ենք նշել, որ հոկտեմբերի 28-ին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրություններն, անկախ ելքից, կարևոր հանգրվան են մեր հարևան երկրի կառավարման և քաղաքական համակարգերի զարգացման գործընթացում: Նախընտրական պայքարն արդեն իսկ դարձել է որոշակի վերախմբավորումների պատճառ Վրաստանի քաղաքական ուժերի շրջանում, ինչը հնարավոր է իր ազդեցությունն ունենա նաև կուսակցական դաշտի վրա: Մյուս կողմից նախագահական ընտրություններից հետո ուժի մեջ են մտնում գարնանը հաստատված սահմանադրական բարեփոխումները՝ ընդլայնելով խորհրդարանի լիազորությունները և կրճատելով նախագահի իրավասությունները: Այս ամենն, անշուշտ, մեծացնում է հետաքրքրությունը, թե ում կհաջողվի ստանալ Վրաստանի ժողովրդի վստահության քվեն և ինչպես հաջորդ նախագահը կկառուցի իր հարաբերությունները կառավարության հետ: 

Ռոզի Միքայելյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ