Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Սուրեն Պապիկյանը ՀՀ մարզպետների նոր կազմով խորհրդակցություն է անցկացրել


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար  Սուրեն Պապիկյանի մոտ այսօր կայացել է մարզպետների մասնակցությամբ  աշխատանքային հերթական  խորհրդակցությունը`  ՀՀ  մարզպետների նոր  կազմով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով նորանշանակ մարզպետներին` նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն արդյունավետ համագործակցություն ու հաջողություն է մաղթել հետագա համատեղ աշխատանքներում:

Օրակարգային հարցերի շրջանակում Սուրեն Պապիկյանն անդրադարձել է  ՀՀ Տավուշի մարզում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի օրինակով մյուս մարզերում ևս նման  համաժողովներ  կազմակերպելու նախաձեռնությանը: Խոսելով Տավուշի համաժողովի հաջողված փորձի և տեսանելի արդյունքների մասին`  նախարարի պաշտոնակատարը նշել է, որ առաջիկա երկու ամիսներին ներդրումային համաժողովներ կանցկացվեն Արարատի, Արագածոտնի, Շիրակի, իսկ փետրվար ամսին` Լոռու մարզերում։ Մարզպետների հետ քննարկվել են առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովների անցկացմանը և ժամանակացույցին  վերաբերող  կազմակերպչական հարցեր։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում առկա բենզալցակայանների և ԱԳԼՃԿ-ների տարածքում սանհանգույցների առկայության և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու հարցը։ Նախարարի պաշտոնակատարը մարզպետներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խմբեր, ովքեր համապատասխան  կառույցների ներկայացուցիչների հետ  իրազեկման աշխատանքներ կտանեն`  նշված կառույցներում սանհանգույցների բարեկարգման ուղղությամբ։  ՏԿԶ նախարարության աշխատակիցներն իրենց հերթին  նախարարի պաշտոնակատարի հանձնարարականով այցելություններ են կատարում մարզեր` տեղերում ուսումնասիրություններ կատարելու և համակարգելու այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն  անդրադարձել է նաև ոռոգման ջրի համաչափ բաշխման խնդրին։ Ոլորտում չարաշահումները  բացառելու նպատակով մարզպետներին հանձնարարվել է շարունակել համագործակցությունը    ՏԿԶ նախարարության ղեկավարությամբ գործող  միջգերատեսչական աշխատանքային խմբի  հետ և  հետևողական աշխատանքներ տանել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ:

Օրակարգում ներառված  մյուս հարցով  ներկայացվել են  համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նախարարի պաշտոնակատարը մարզպետներին հանձնարարել է հավաքագրման ցածր մակարդակ ունեցող համայնքների ղեկավարների հետ բացատրական աշխատանքներ տանել և ուսումնասիրել պատճառները, չբացառելով, որ դրանք կարող են կապված լինել ինչպես հանրային լեգիտիմության, այնպես էլ համայնքի ղեկավարի անգործության հետ:

Մարզպետների հետ  այսօրվա խորհրդակցությանը քննարկվել են  նաև  կարկուտի հետևանքով տուժած ընտանիքներին կառավարության կողմից աջակցության տրամադրման,  համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցության ավարտին նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է մարզպետներին ակտիվորեն աշխատել բարձրացված հարցերի մեջ` հորդորելով տեղերում  բացառել կլանային մտածողության  երևույթները: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ