Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

ՏՏ ոլորտը պետք է դառնա մեր տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. 43 ուսանող և աշակերտ արժանացան ՀՀ պետական կրթական մրցանակի


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի նստավայրում հոկտեմբերի 23-ին կայացավ «ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակ»-ին արժանացած լավագույն ուսանողների և աշակերտների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մրցանակներն ու պատվոգրերը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Այս ոլորտը պետք է դառնա մեր գիտարար տնտեսության կարևոր հենասյուներից մեկը: Դա պայմանավորված է մեր երկրի՝ ժամանակակից աշխարհի հետ համաքայլ գնալու անհրաժեշտությամբ: Այստեղ գտնվող մրցանակակիրները կյանքի ինչ-որ փուլում որոշում են կայացրել զբաղվել իրենցով, քանի որ հենց ինքը մարդն է իր հաջողության գրավականը: Նոր Հայաստանում յուրաքանչյուրն ինքն է որոշում իր աշխատասիրությամբ, իր ջանքերով, իր մղումով իր տիեզերքի չափը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Այս տարի «ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակ»-ին արժանացավ 25 ուսանող և 18 աշակերտ:

«Լավագույն աշակերտ» մրցանակին արժանացած 13-ամյա Ռուբեն Սարգսյանն, ով սովորում է Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, մտադրություն ունի արհեստական բանականությամբ ռոբոտ ստեղծել:

«Մասնակցել եմ հարցազրույցի, որտեղ հիմնականում տվել են ընդհանուր զարգացվածությունը ստուգող հարցեր՝ ավելի շատ կենտրոնանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների վրա: Ստուգել են վերլուծական մտածողությունը, տրամաբանությունը, և այդպիսով՝ պատասխանելով հարցերին, արժանացել եմ «Լավագույն աշակերտ» մրցանակին»,- ընդգծեց Ռուբենը:

Վերջինս ընդգծեց, որ իր ստեղծած ռոբոտը պետք է կարողանա օգնել մարդկանց առօրյա մի շարք հարցերում: Նախկինում Ռուբենը ստեղծել է սեփական խաղ, որտեղ կան արհեստական բանականության մասնիկներ՝ օբյեկտն ինքն է որոշում, թե ինչ քայլ պետք է անի՝ կախված իր առջև դրված խնդիրներից:

Գլխավոր մրցանակի համար սահմանված է 1200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, «լավագույն ասպիրանտ» անվանակարգի առաջին կարգի մրցանակը կկազմի 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ երկրորդ կարգի դեպքում՝ 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: «Լավագույն մագիստրանտ»՝ առաջին կարգ՝ 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ երկրորդ կարի համար 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: «Լավագույն բակալավր» անվանակարգում առաջին կարգի մրցանակը սահմանվել է 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ երկրորդ կարգի մրցանակը՝ 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: «Լավագույն սփյուռքահայ ուսանող» մրցանակի առաջին կարգին արժանացած անձը արժանացավ 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ երկրորդը՝ 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

«Լավագույն աշակերտ» անվանակարգի համար սահմանվել է 100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում մրցանակները նախատեսված են յուրաքանչյուր կրթական հաստատության համար:

Արդեն 14-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխությանն այս մրցանակին մինչ օրս արժանացել է 489 ուսանող և աշակերտ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ