Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ստվերի կրճատման առաջին պտուղները. հավաքված շահութահարկն ավելացել է 54%- ով

Ստվերի կրճատման առաջին պտուղները. հավաքված շահութահարկն ավելացել է 54%-
ով
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ-ի երկրորդ և երրորդ եռամսյակներում Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջե հավաքագրված շահութահարկը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 54%-ով: Այս ցուցանիշն աննախադեպ է, քանի որ նույն ժամանակահատվածում հավաքագրված ընդհանուր հարկերը և պետական տուրքն աճել են ընդամենը 12%-ով:

ՊԵԿ կողմից հավաքագրված շահութահարկի ծավալների աճը վկայում է հարկային վարչարարության էական բարելավման մասին, ինչի շնորհիվ պետական եկամուտներն ավելացվում են ոչ թե ի հաշիվ ավանդական դարձած եկամտային հարկի, ակցիզային հարկի կամ ավելացված արժեքի հարկի հաշվին, որոնց վերջնական վճարողը քաղաքացին է, այլ հավաքված շահութահարկի ծավալների ավելացման շնորհիվ:

Հավաքագրված շահութահարկի շեշտակի աճը հիմնականում տեղի է ունեցել ստվերի կրճատման հաշվին, ինչի մասին վկայում է տնտեսական ակտիվության ցուցանիշի մակարդակը, որն այդ ժամանակահատվածի համար համեմատաբար առավել ցածր աճ է գրանցել՝ չգերազանցելով 10%-ը: Հետևաբար, եթե շահութահարկ վճարող տնտեսվարողների հայտարարագրած շահույթի և վճարած շահութահարկի նշանակալի ավելացումը միայն չնչին մասով է պայմանավորված տնտեսական ակտիվության ավելացմամբ, ապա գրանցված 54% աճը տեղի է ունեցել շահութահարկ վճարողների սեգմենտում ստվերի կրճատման շնորհիվ:

Հարկային վարչարարության բարելավումն իր հերթին բերել է պետական եկամուտների կառուցվածքում էական փոփոխությունների: Այսպես, եթե 2017թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական եկամուտների կառուցվածքում ԱԱՀ կշիռը կազմում էր 35%, ապա ընթացիկ տարում դրա մասնաբաժինը կազմել է 33%, իսկ եկամտային հարկի մասնաբաժինը 30%-ից նվազել է մինչև 28%: Փոխարենը 3.5%-ով ավելացել է շահութահարկի մասնաբաժինը՝ 10.5%-ից դառնալով 14%:

Հատկանշական է, որ 2018թ-ի մայիս-սեպտեմբեր ժամանակահատվածում 3%-ով ավելացել է նաև հավաքված եկամտային հարկի ծավալը, մինչդեռ օրինակ 2016թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ 2017թ-ին գրանցվել էր հավաքված եկամտային հարկի ծավալների նվազում: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ ընթացիկ տարվա մայիսից հետո միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է ընդամենը 1%-ով, ապա կարելի է եզրակացնել, որ հավաքված եկամտային հարկի ավելացումը հիմնականում պայմանավորված է գրանցված աշխատողների թվաքանակի աճով, ինչը նույնպես ստվերի կրճատման ցուցիչ է:

Միևնույն ժամանակ 2018թ-ի մայիս-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատանքի տեղավորվածների թիվն ավելացել է 58%-ով, ինչը ևս նախորդ տարիների համեմատ աննախադեպ ցուցանիշ է:

Տնտեսությունում ստվերի կրճատման մեկ այլ ցուցիչ է նաև նշված ժամանակահատվածում ՊԵԿ կողմից բացահայտված խոշոր չափի հարկային պարտավորություններից խուսափելու առավել քան երկու տասնյակ դեպքերը, որոնց ընդհանուր արժեքն անցնում է 12.4 մլրդ դրամից: Նշված գործերով պետական բյուջե արդեն իսկ վերադարձվել է առնվազն 7 մլրդ դրամ:

Ինգա Ղալայան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am