Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ժամանակակից երաժշտական խմբերը երգի միջոցով սեր խոստովանեցին Երևանին

Ժամանակակից երաժշտական խմբերը երգի միջոցով սեր խոստովանեցին Երևանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում առանձնացավ հայկական ժամանակակից երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագիրը: Այն ներկաներին զարմացրեց ընդգրկված ստեղծագործությունների բազմազանությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագիրն անցկացվեց Հյուսիսային պողոտայում: Ելույթներ ունեցան «The band»-ը, «ԹմբաԹա» երիտասարդական ժողովրդական  ռոք-խումբը, «Հայ մյուզիք բենդ» վոկալ անսամբլը և հայկական ժողովրդական երաժշտություն ներկայացնող «Գողթ» խումբը:

«Հայ մյուզիք բենդ»-ի  գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, դիրիժոր  Վահե Հայրապետյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ խմբի կատարումները բացառապես ակապելա են: Հայրապետյանի խոսքով` խմբի անդամներն ունեն Աստծու կողմից տրված տաղանդ, և դա օգտագործում են  և’ երգելու, և’ ձայնի միջոցով երաժշտություն ստեղծելու համար:  «Ներկայացվելու է վեց  հայտնի ստեղծագործություն: Խմբի ելույթը կեզրափակվի երևանյան պոպուրիով, որում ընդգրկված են մայրաքաղաքին նվիրված ամենասիրած երգերը»,- ասաց գեղարվեստական ղեկավարը:

Նա սեր խոստովանեց Երևանին` արև, ջերմություն, խաղաղություն, լիություն մաղթելով քաղաքին:

Համերգային ծրագրին հետևող քսանամյա Լարիսան ասաց, որ իրեն դուր է գալիս, երբ երիտասարդներն են ժողովրդական երաժշտություն մատուցում` ռոքային կամ այլ ժանրեր միախառնելով դրան: «Ուրախ եմ, որ այս տարի նույնպես քաղաքը ջերմ է, երևանցիները երջանիկ են ու լուսավոր»,- նշեց նա:

«The Beautified Project» խմբի նախկին անդամ, դաշնակահար Առլեն Շահվերդյանը, որն ընտանիքի անդամների հետ մասնակցում էր Երևանի կենտրոնում իրականացվող միջոցառումներին`  ընդգծեց, որ Երևանն իր տունն է: «Այն քաղաք է, որտեղ ապրում եմ ընտանիքիս հետ և ամեն օր փորձում գեղեցկացնել Երևանը»,- ասաց երաժիշտը:

«Էրեբունի-Երևան» տոնն առաջին անգամ նշվել է 1968 թվականին՝ Էրեբունի ամրոցի հիմնադրման  2750-ամյակի առթիվ: «Էրեբունի-Երևան» տոնը կոչվում է նաև «Երևանի տոն», «Երևանի օր»: «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար 1968 թվականին հատուկ գրվել է «Էրեբունի-Երևան» երգը (խոսքը՝ Պարույր Սևակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով` Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ: Առաջին տոնակատարության ժամանակ Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվել է նաև 2750 ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am