Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Ավանդական հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կարևորել են Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանանում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է այդ երկրում գործող հայ ավանդական կուսակցությունների՝ Հայ հեղափոխական դաշնակցության, Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին` ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ատենապետ Հակոբ Բագրատունու, ՍԴՀԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Սեպուհ Կալպակյանի և ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության կուսակցապետ Ավետիս Դաքեսսյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Լիբանանի ավանդական հայ կուսակցությունների հետ հանդիպումը` Հայաստանի զարգացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացման և համահայկական օրակարգի հարցերը քննարկելու առումով: Նա ընդգծել է իր առանձնահատուկ վերաբերմունքը Լիբանանի հայության և երիտասարդության նկատմամբ` շնորհակալություն հայտնելով թավշյա հեղափոխության ժամանակ նրանց աջակցության և ակտիվ դիրքորոշման համար:

Ավանդական հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կարևորել են Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան` նշելով, որ այն կնպաստի երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների սերտացմանը: Նրանք ողջունել են Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում կատարվող փոփոխությունները և Նիկոլ Փաշինյանին են փոխանցել Լիբանանի հայության պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի և Հայաստանի հզորացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև հայ-լիբանանյան բազմաոլորտ կապերի խորացմանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Լիբանանի հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին, ընթացիկ իրավիճակին և առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր:

ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ներկայացուցիչներն ընդգծել են, որ անհրաժեշտ է պահպանել ժողովրդական միասնության, համախմբվածության ոգին` կարևորելով ՀՀ քաղաքական ուժերի միջև երկխոսության շարունակականությունը` ի շահ Հայաստանի առաջընթացի: Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ կառավարությանը՝ նոր Հայաստանի զարգացման տեսլականը կյանքի կոչելու գործում:  

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իր կեցավայրում նաև հանդիպում է ունեցել Լիբանանի հայկական «Ազդակ», «Արարատ» օրաթերթերի գլխավոր խմբագիրների և «Սևան», «Վանա ձայն» ռադիոկայանների տնօրենների հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ