Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Տաջիկստանի պատվիրակությունն այցելել է Քրեակատարողական ծառայություն


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հոկտեմբերի 18-ին, «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային հասարակական կազմակերպության Կենտրոնական Ասիայի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունեց Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից,  պատվիրակության կազմում էին Տաջիկստանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի քաղաքական և քաղաքացիական իրավունքների պետական պաշտպանության վարչության պետի տեղակալը, Արդարադատության նախարարության քրեական պատիժների կատարման գլխավոր վարչության պետի տեղակալը, դատախազության՝ ազատությունից զրկման վայրերում օրինականության նկատմամբ վերահսկողության հատուկ բաժնի պետը, քաղաքացիական հասարակության մոնիթորինգային խմբի ղեկավարը, «Մարդու իրավունքների և օրենքի գերակայության բյուրո» ՀԿ տնօրենի տեղակալը:

Ողջունելով հյուրերին՝ Ա. Մխոյանը նշեց, որ բարձր է գնահատում նման համդիպումները, որոնք համագործակցության և փորձի փոխանակման լայն հնարավորություն են ընձեռում:

Հանդիպման նպատակներից էր ծանոթանալ և ուսումնասիրել ՀՀ քրեակատարողական համակարգում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքային ընթացքին, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության առանձնահատկություններին, ձեռքբերումներին:

Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մ. Միքայելյանը նշեց, որ Քրեակատարողական ծառայությունը սերտ համագործակցում է բոլոր կառույցների հետ, առանց խոչընդոտների և սահմանափակումների քննարկվում է յուրաքանչյուր հարց՝ համակարգի առջև դրված խնդիրների համատեղ և արդյունավետ լուծման համար: 

Պատվիրակության ներկայացուցիչներին առանձնապես հետաքրքրում էին ազատազրկված անձանց բժշկական սպասարկմանը, զբաղվածությանը, տեսազանգի հնարավորությանը, ուղղիչ հիմնարկների տեսակների առանձնահատկություններին վերաբերող հարցերը:

Նրանց ուշադրության կենտրոնում էր հատկապես պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի արդյունավետությունը ՀՀ-ում, որի շրջանակներում քննարկվեցին նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերը:    

Ծառայության պետ Ա. Մխոյանը, ներկայացնելով Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացը, շեշտեց, որ օրերս ցմահ դատապարտյալներից մեկը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց, ինչը նախադեպ է ՀՀ համար, իսկ առաջիկայում սպասվում է նաև համաներում:

Հանդիպման ավարտին Տաջիկստանի պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և Ծառայությանը նվիրեց իրենց երկիրը ներկայացնող պատկերագիրք:

Պատվիրակության անդամները դիմեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այց կատարելու խնդրանքով, ինչին Ա. Մխոյանն արձագանքեց դրական:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ