Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվել է չինագիտության կենտրոն


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսուհետ գործելու է չինագիտության կենտրոն, որը կոչված է խորացնելու Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը կրթության ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ին ԵՊՀ-ում կենտրոնի բացմանը ներկա էր նաև Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Դեսպանի խոսքով՝ հայ-չինական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և կենտրոնի  բացումը ևս խոսում է  այդ մասին: «Հատկապես կարևորում եմ երկու երկրների միջև մշակութային, հումանիտար համագործակցությունը, այդ թվում՝ կրթության ոլորտում՝ համալսարանների, գիտական կենտրոնների մասով: Կարծում եմ, որ միմյանց փոխադարձ հասկանալը համագործակցության, գործընկերության հիմքն է»,-ասաց Թիան Էրլունը:

Նա ընդգծեց, որ Չինաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս գործակցության հնարավորություն կա: «Հայաստանը պատմական երկիր է և հանդիսանում է լավ գործընկեր Չինաստանի համար: Վերջին տարիներին լավ փոխգործակցություն են իրականացվել ԵՊՀ-ի և Չինաստանի բուհերի միջև»,- ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ չինագիտության կենտրոնը կնպաստի երկու երկրների  կապերի ամրապնդմանը:

Չինաստանի հասարակագիտական ակադեմիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Խան Դաչուանն ընդգծեց, որ  կենտրոնի բացումը շատ լավ իրադարձություն է կրթական ոլորտում համագործակցության համար: «Կարծում եմ՝ սա շատ լավ հարթակ է դասախոսների, ուսանողների համար՝ միմյանց հետ շփվելու: Հայաստանը և  Չինաստանը համագործակցություն են ծավալում հատկապես հումանիտար, տնտեսական ոլորտում: Այս կենտրոնը կխթանի այդ համագործակցության զարգացմանը»,- ասաց նա:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝  չինագիտությունը համարվում է արևելագիտության բաղկացուցիչ մասը: «Սա քայլ է, որը թույլ կտա ընդլայնել մեր ուսումնասիրությունները, գիտակրթական  հետազոտության ուղղությունները: Հույս ունեմ, որ ֆակուլտետը կկարողանա ապահովել լավ չինագետների, որոնք պետական քաղաքական շրջանում իրենց նպաստը կբերեն: Կենտրոնը տեխնիկապես կհամալրվի, հարուստ գրականություն կունենա և քննարկումների, սեմինարների համար լավ  հարթակ կլինի»,-նշեց Մելքոնյանը, հավելելով, որ 2019-ին սպասվում է գիտաժողով՝ ազգային փոքրամասնությունները Չինաստանում և տարածաշրջանում թեմայով:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ