Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը հիացմունքով են խոսել հայկական գինու և կոնյակի մասին. Նիկոլ Փաշինյան

Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը հիացմունքով են խոսել հայկական գինու և 
կոնյակի մասին. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում բարձրաստիճան հյուրերին առանձնապես տպավորել են հայկական գինին և կոնյակը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա իր համար կարևոր և լավ նորություն էր:

«Գագաթնաժողովին ներկա էին երկրների ղեկավարներ, որոնք համարվում են գինեգործության համաշխարհային լիդերներ: Ինձ համար շատ հաճելի էր, որ Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինը հարկ համարեցին արտահայտվել հայկական գինու և կոնյակի, իհարկե իրենց բառապաշարով՝ բրենդիի որակի կապակցությամբ, ինչը շատ լավ է, և ոչ միայն նրանք: Մեր գինիները և կոնյակները շատ լավ տպավորություն են գործել, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք հասնել գինու և կոնյակի արտադրության որոշակի միջազգային չափանիշի: Պետք է քաջալերել մեր արտադրողներին, և կառավարությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որպեսզի մեր արտադրողներին կարողանանք աջակցել նոր շուկաներ մուտք գործելու գործում: Կարծում եմ՝ այս պահին առավել մեծ խոչընդոտը դրա համար արտադրանքի ծավալներն են, և նաև այս կարգի ներդրումային ծրագրերով պետք է աջակցենք մեր գինեգործներին և կոնյակագործներին արտադրանքի ծավալները մեծացնելու հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ մյուս կողմից կարող ենք միջնաժամկետ հեռանկարում խնդիրներ ունենալ նաև Հայաստանում մշակվող խաղողի ծավալների հետ: Նրա խոսքով՝ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է ինտենսիվ աշխատի, որպեսզի մեր երկրում խաղողի այգիների ծավալները, դրանց մշակման կուլտուրան և որակը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության, ոռոգման խնդիրները պատշաճ մակարդակի բերվի, «որովհետև ակնհայտ է, որ գինեգործությունը շատ հեռանկարային ճյուղ է»:

«Կոնյակի արտադրության ոլորտը համարում ենք կայացած, բայց այդտեղ էլ ունենք լուրջ խնդիրներ, այն է՝ ոչ իրական արտադրանքի սպառումը և տարածումը հատկապես Եվրասիական տնտեսական միության տարածքում, այսինքն՝ հայկական կոնյակի անվան տակ տարածվող այն խմիչքները, որոնք իրականում հայկական կոնյակ չեն: Այստեղ էլ մենք պետք է շատ լուրջ վերահսկողություն կարողանանք ապահովել մթերման ծավալների առումով, որպեսզի չստացվի, որ որոշ անբարեխիղճ արտադրողներ այլ երկրներից այլ ծագման սպիրտներ ներկրեն կամ թեկուզ ոչ հայկական կոնյակի սպիրտ ներկրեն և դա հայկական կոնյակի անվան տակ արտահանեն, ինչը բրենդի հեղինակության վրա լրջագույն նեգատիվ ազդեցություն է ունենում: Ընդհանուր առմամբ շատ լավ միտում է, որ մեր այսօրվա կառավարության նիստում մենք հիմնականում քննարկում ենք արտադրությանը վերաբերող ներդրումային ծրագրեր, ինչը նշանակում է, որ մենք մտնում ենք գործարար դաշտի և բիզնեսի հետ համագործակցության դաշտ, այսինքն՝ շարունակում ենք խորացնել մեր համագործակցությունը: Առաջիկայում նաև մենք պետք է Հարկային օրենսգրքի փոփոխությունների համատեքստում լրջագույն քննարկումներ ունենանք բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ և կարողանանք հասնել ըստ էության ըմբռնման, թե մենք ինչ քայլերով պետք է գնանք առաջ, որպեսզի ոչ թե տարբեր, այլ նույն դիրքերում լինենք, նույն խնդիրը լուծելու նպատակն ունենանք՝ ուղղակի յուրաքանչյուրս մեր գործառութային դերերի կատարմամբ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am