Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունն այցելել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունն այցելել է 
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի հրավերով` Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպեց նաև Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպմանը ներկա էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Սերգեյ Մեղրյանը և Հայկ Հովհաննիսյանը:       

Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի միջև հետաքրքիր զրույց-քննարկում ծավալվեց դատավորի մասնագիտական կայացման, երկու երկրների դատական իշխանությունների առանձնահատկությունների և ընդհանրությունների, իրավունքի մասնագետների պատրաստման չափորոշիչների և, ընդհանրապես, կրթական ու գիտական գործընթացների կազմակերպման մեթոդների մասին:

Լսարանի խնդրանքով՝ Թաքվոր Ավեդիսյանն անդրադարձավ Նիդերլանդների Թագավորության  դատական համակարգում գործող այն արդյունավետ կառուցակարգերին, որոնք վերաբերում են մասնավորապես դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերին, դատական իշխանության նկատմամբ հանրային ընկալման և վստահության գործակիցը բարձրացնելուն ուղղված ջանքերին:

«Ինչու՞ ես խոսեցի իմ ընտանիքից, իմ մասնավոր կյանքից, որպեսզի ցույց տամ, որ լավ դատավոր դառնալու համար, կարծում եմ, պետք է գիտակցել, թե որտեղից ես գալիս, որն է կյանքի քո տեսլականը: Ես շփվել և շփվում եմ իմ կոլեգաների հետ, տարբեր մարդկանց հետ, ովքեր իրական մարդիկ են՝ իրենց իրական խնդիրներով», - նկատեց Թաքվոր Ավեդիսյանը:

Հանդիպման ավարտին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի և բովանդակալից զրույցի համար և նրանց հանձնեց ֆակուլտետի 80-ամյակին նվիրված գիտական նյութերի ժողովածուի անգլերեն տարբերակը, իսկ Թաքվոր Ավեդիսյանին, որպես մեր հայրենակցի՝ նաև անգլերեն լեզվով Նարեկացու «Մատյան ողբերգությունը»:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ co[email protected]