Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտյոմ Մխոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսին

Արտյոմ Մխոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության պատվավոր հյուպատոս Մոխթար Շահ Հուսեինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, օգտվելով առիթից՝ հյուպատոսը նախ շնորհավորեց Ծառայության պետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ, ապա շնորհակալություն հայտնեց՝ իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալներին մշտապես աջակցելու, բարձրացված հարցերին արձագանքելու համար:

Մոխթար Շահ Հուսեինին կարևորեց հատկապես վերջիններիս կապն ընտանիքի հետ ապահովելու խնդիրը, ինչին ի պատասխան՝ Ա. Մխոյանը նշեց, որ տեսազանգի համակարգն արդեն իսկ փորձարկվել է ՀՀ ԱՆ որոշ քրեակատարողական հիմնարկներում, իսկ 2018 թվականի նոյեմբերի 1-ից տեսազանգի տրամադրման իրավական հնարավորություն ընձեռող որոշումը կմտնի ուժի մեջ և կգործի բոլոր քրեակատարողական հիմնարկներում:

Ծառայության պետը հավելեց նաև, որ նախատեսվում է ծրագիր իրականացնել, համաձայն որի՝ իրանցի դատապարտյալները հնարավորություն կստանան ցանկության դեպքում, ելնելով ազգային և կրոնական նախապատվությունից, ինքնուրույն պատրաստել իրենց կերակրատեսակները:

Իրանցի ազատազրկված անձանց բուժօգնության հարցերի առնչությամբ Արտյոմ Մխոյանը շեշտեց, որ օտարերկրյա քաղաքացիները նույնպես ստանում են պատշաճ բուժօգնություն, ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, և չկա ոչ մի խոչընդոտ  վերջիններիս հնարավորության դեպքում հետազոտությունները և բուժումը քաղաքացիական բուժհաստատություններում կազմակերպելու համար:

Հյուպատոսը հայտնեց, թե իրենք լիարժեք տեղեկատվություն չեն ստանում Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող իրանցի դատապարտյալների մասին: Ծառայության պետը նշեց, որ իր կողմից տրվել է համապատասխան հանձնարարական օտարերկրյա քաղաքացիների կալանավորման կամ քրեակատարողական հիմնարկից ազատման դեպքերում եռօրյա ժամկետում իրազեկել Հայստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին:

Քննարկվող թեմաների լայն շրջանակում ընդգրկվեցին նաև դատապարտյալների հանձնմանը (էքստրադիցիային), Հայաստանի Հանրապետությունում սպասվող համաներմանը, դատապարտյալների զբաղվածությանն առնչվող հարցեր:

Երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին երկկողմ համագործակցության արդյունքում մշակել համատեղ ծրագրեր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալներին աշխատատեղերով ապահովելուն:

Ա. Մխոյանը նշեց. «Մենք միշտ բաց ենք նոր նախագծերի, ծրագրերի, երկու պետությունների համապատասխան ծառայությունների արդյունավետ փոխգործակցության համար»:

Մոխթար Շահ Հուսեինին իր խորին շնորհակալությունը հայտնեց բազմակողմանի քննարկման համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական և առավել արդյունավետ:

Հանդիպման ավարտին կողմերը, ի նշան բարեկամության և հարգանքի, փոխանակվեցին հուշանվերներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am