Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

 ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի ուսուցիչներ,

հոկտեմբերի 5-ը Հայաստանի պետական տոնացույցում խորհրդանշում է այն բացառիկ հարգանքը, որը հայ ժողովուրդը միշտ ունեցել է դպրոցի եւ ուսուցչի հանդեպ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ, խոնարհվում տարիների ձեր անդուլ աշխատանքի եւ մեծ վաստակի առջեւ ու մաղթում ամենայն բարիք:

Միաժամանակ, շնորհավորանքի ու գնահատանքի խոսք եմ ուղղում Սփյուռքի բոլոր մանկավարժներին, ովքեր, ապրելով Հայաստանից հեռու, դարձել են հայապահպանության յուրօրինակ առաքյալները:

Այս օրը բոլորիս տոնն է, եւ յուրաքանչյուրս մի պահ վերհիշում ենք մեր դպրոցական տարիները, մե՛րթ խստապահանջ, մե՛րթ նրբանկատ մեր ուսուցիչներին, ովքեր մեզ ոչ միայն հարուստ գիտելիքներ հաղորդեցին, այլեւ օգնեցին ձեւ ու բովանդակություն հաղորդել մեր մտքերին ու ձգտումներին, օգնեցին, որ կյանքում ամեն մեկս գտնի իր ճանապարհը եւ դառնա երկրի լիարժեք քաղաքացի:

Սիրելի՛ ուսուցիչներ,

դուք եք ձեր ամենօրյա աշխատանքով ուրվագծում մեր պետության վաղվա օրը: Մեծապես ձեր աշխատանքով է պայմանավորված, թե ինչ աշխարհընկալում կունենա եւ ինչ արժեհամակարգ կդավանի վաղը մեծ կյանք ոտք դնող սերունդը: Եւ դրան են միտված այսօր Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, որոնց նպատակն է ստեղծել այսօրվա չափանիշներին համապատասխանող, ու կրթության բարձր որակ ապահովելով` աշխարհում Հայաստանն ավելի մրցունակ դարձնող, մարդկային հիմնարար արժեքների վրա հիմնված ազատ ու ժողովրդավարական հասարակություն ձեւավորող կրթական համակարգ: Վստահ եմ, որ հաջողությամբ կլուծենք նաեւ այս կարեւորագույն խնդիրը, ինչն ավելի առարկայական կդարձնի ձեր նվիրված աշխատանքի արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից կրկին շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, կրթության ոլորտի բոլոր աշխատողներին Ուսուցչի օրվա առթիվ: Բոլորիդ մաղթում եմ առողջություն ու խաղաղություն, ընտանեկան երջանկություն, բարօրություն եւ նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության ասպարեզում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am