Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Ադրբեջանը փորձում է ճնշել մամուլի ազատությունը նաև իր երկրի սահմաններից դուրս


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս ավարտվեց «Ադրբեջանն ընդդեմ «France 2»-ի աշխատակազմի» դատը. հարևան պետությունը տանուլ տվեց այն:

Հիշեցնենք, որ գործի նախապատմությունը սկսվել է դեռս 2015 թվականից, երբ «France 2» հեռուստաընկերության «Cash investigation» (Նախնական հետաքննություն) հաղորդման ժամանակ լրագրող Էլիզ Լյուսեն, Ադրբեջանի մասին խոսելիս, այն որակել էր որպես աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը: Բաքուն սա համարել էր զրպարտություն և դատի տվել լրագրողին:

3 տարի տևած դատավարությունն ավարտվեց հօգուտ ֆրանսիացի լրագրողի: Ֆրանսիական դատարանը այս որոշումը հիմնավորեց 1881 թվականին ընդունված մամուլի ազատության մասին օրենքով: «Օտար երկրները չեն կարող նույնականացվել անհատի հետ: Օտար պետությունը իրավունք չունի այլ երկրի դեմ նման առիթի դեպքում հետապնդում սկսելու: Միայն տվյալ պետության ներկայացուցիչները և պատասխանատուները կարող են պահանջել վերանայում, եթե եղել է  նրանց պատիվն ու արժանապատվությունը արատավորող փաստ»,- նշված է օրենքում:

Դատը շահելուց հետո Էլիզ Լյուսեի փաստաբանը հայտարարել է, որ սա բռնապետական երկրների ճնշումների դեմ մեծ հաղթանակ է:

Ի դեպ, նշենք նաև, որ ըստ «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպության տվյալների, սա առաջին դեպքն էր, երբ օտար պետությունը հետապնդում է լրագրողին իր իսկ հայրենի երկրում:

Ադրբեջանը ֆրանսիական մամուլի էջերում հաճախ է որակվում որպես բռնապետական երկիր հենց ադրբեջանցիների կողմից, ովքեր հալածվել են իրենց երկրում ու հաստատվել այլ երկրնում: Դրանցից մեկը իրավապաշտպան Լեյլա Յունուսն է, ով հաճախ է խոսում Ալիևի բռնապետական վարքագիծի մասին, ինչը ադրբեջանցի լրագրողների՝ երկիրը լքելու պատճառ է դառնում: Նա բարձրաձայնում է նաև լրագրողների անպաշտպան լինելու մասին ոչ միայն Ադրբեջանում, այլև երկրի սահմաններից դուրս, այս դեպքում՝ Եվրոպայում:

Իրավապաշտպանի հայտարարությունները տեղին են՝ հաշվի առնելով մի շարք դեպքեր: Թերևս ամենաթարմը այս տարվա մարտին Ֆրանսիական Թուլուզ քաղաքում ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովի և նրա ընտանիքի վրա հարձակումն էր, որի արդյունքում  լրագրողի կինը մահացել էր: Կնոջ մահվանից հետո Նամազովը մի շարք հարցազրույցներում նշել է, որ նախքան կրակոցները նա մի քանի անգամ մահվան սպառնալիքներ պարունակող զանգեր է ստացել Ադրբեջանից, Ռուսաստանից, Վրաստանից: Նա այս հարձակումը կապում է իր քաղաքական դիրքորոշման հետ՝ կապված Ադրբեջանի քաղաքական ռեժիմի հետ:

Նշենք, որ նա 2010 թվականին անդրադարձել էր զոհված ադրբեջանցի զինվորների օրգանների վաճառքի և 2010 թվականին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծիքների թեմաներին, որի արդյունքում 6 տարի ազատազրկվել էր դատարանի որոշմամբ, ինչը պատճառ էր հանդիսացել՝ կնոջ և երեխաների հետ դեպի Ֆրանսիա փախուստի դիմելու համար, որտեղ հայտարարել էր, որ Ադրբեջանում լրագրողները սպանվում են կամ կալանավորվում: 

Ջուլիետա Մկրտչյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ