Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քաղաքագետը մեկնաբանել է ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը

Քաղաքագետը մեկնաբանել է ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին ունեցած ելույթով Հայաստանը համեմատության մեջ է դրել տարածաշրջանի երկրների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հանդես եկող երկրի ղեկավարը պետք է իր պետության իմիջը բարձրացնի: Նա Հայաստանը փորձում էր ներկայացնել որպես առաջատար դեմոկրատական զարգացող երկիր, դրանով փորձում էր իր դրական կողմը հաստատել` ակամա համեմատության մեջ դնելով Ադրբեջանի ու տարածաշրջանի մյուս երկրների հետ: Սա քաղաքական ձև է, որն, ըստ էության, տարբեր երկրների կողմից ընդունված է»,- ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Արցախի հակամարտության բանակցային գործընթաց Լեռնային Ղարաբաղի վերադարձի մասին Փաշինյանի հայտարարությանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով` նման հայտարարություն արել են նաև ՀՀ նախորդ ղեկավարները:

«Այն, որ բանակցային գործընթացի մեջ պետք է ակտիվ ներգրավվի Լեռնային Ղարաբաղը, դա ընդունվում է բոլորի կողմից, սակայն, թե ո՞ր փուլում դա պետք է տեղի ունենա, այ սա է անորոշ մնում: Քանի դեռ չկա ընդհանուր հայտարար Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների միջև, տրամաբանական չի լինի, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին մտցնելու հարցը դարձվի շատ սկզբունքային խնդիր: Այդ իմաստով, կարծում եմ, որ այդ տեսակետը շատ բան չի տա բանակցային գործընթացին, և կարող է Ադրբեջանի համար պատճառ հանդիսանալ, որ վերջինը պնդի, թե Հայաստանը փորձում է խոչընդոտել բանակցային գործընթացը: Միջնորդ երկրները հայտարարում են, որ իրենք կողմ կլինեն ցանկացած առաջարկի, որն ընդհանուր հայտարարի կբերի Հայաստանը և Ադրբեջանը: Ադրբեջանն այս փուլում կտրականապես մերժում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցեն բանակցային գործընթացին ու նշում, որ եթե Հայաստանը համաձայնի, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, այդ ժամանակ իրենք պատրաստ կլինեն արդեն բանակցել ԼՂ ներկայացուցիչների հետ: Հայաստանը, բնականաբար, այդ դիրքորոշմանը համաձայն չէ, ինչպես նաև Ղարաբաղը»,- նշեց նա:  

Երվանդ Բոզոյանը ՄԱԿ-ում Փաշինյանի նկատմամբ տարբեր երկրների ղեկավարների դրսևորած դրական վերաբերմունքն ու հետաքրքրությունը բնական է համարում:

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում այդ հարթակի մակարդակով այդ հանդիպումներն ու քննարկումները բնական երևույթ են, ու կարծում եմ` շատ լուրջ վերլուծություններ անելու իմաստ չկա: Սա բնական, նորմալ երևույթ է, որ այդ հարթակում տարբեր երկրների ղեկավարները հանդիպում ու քննարկում են տարբեր խնդիրներ այն երկրների ղեկավարների հետ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում»,- ասաց Բոզոյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին հանդես եկավ ելույթով: Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում Արցախի ներկայացվածության և մի շարք այլ թեմաների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am