Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Լեհաստանում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Լեհաստանում տեղի են ունեցել մի շարք 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է ՀՀ Անկախության օրվան, Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման 100-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա են եղել Լեհաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Լեհաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լեհահայ համայնքային գործիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը ներկաներին ուղղված իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Մենք հպարտությամբ ենք հիշում մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր իրենց պայքարով 100 տարի առաջ ստեղծել են Հայաստանի առաջին Հանրապետությունը, նաև նրանց, ովքեր, ապրելով և արարելով Լեհաստանում, իրենց կյանքն են զոհաբերել հանուն իրենց երկրորդ հայրենիքի՝ Լեհաստանի Անկախության»։

Դեսպան Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է նաև մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովին։

Միջոցառմանը դեսպանի կողմից ջութակի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լեհաստանի պետական օրհներգները՝ լեհական Կալիշ քաղաքի արվեստի դպրոցի երաժշտախմբի նվագակցությամբ: Երեկոյի ընթացքում հնչել են նաև հայազգի հռչակավոր երգահանների ստեղծագործություններ:

Սեպտեմբերի 21-ին Վարշավայի խորհրդանիշներից մեկը հանդիսացող Մշակույթի և գիտության պալատի շենքի վրա ամբողջ երեկոյի ընթացքում լուսարձակվել են ՀՀ դրոշի գույները։

Սեպտեմբերի 22-ին Վարշավայի կենտրոնական եկեղեցում՝ Աստծո արարչագործության տաճարում, մատուցվել է Հայ Կաթողիկե եկեղեցու կարգով Սուրբ Պատարագ: Պատարագին հաջորդել է եկեղեցու բակում հայկական խաչքարի բացման արարողությունը՝ Լեհաստանում ՀՀ դեսպանի հովանավորությամբ: Արարողությանը մասնակցում էին Լեհաստանի Սեյմի նախագահի խորհրդականը, քաղաքական և դիվանագիտական շրջանակների գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպան Ղազարյանն իր խոսքում նշել է, որ Վարշավայի կենտրոնական եկեղեցու բակում տեղադրված խաչքարը կանգնեցվել է լեհ ժողովրդի մեծ զավակ ու հայ ժողովրդի մեծ բարեկամ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի հիշատակին։ Արարողությանը ելույթով հանդես են եկել   նաև Վարշավայի Արքեպիսկոպոս, Նորին Սրբություն կարդինալ Կազիմիր Նիչը, ով անդրադարձավ Հայոց ցեղասպանության արհավիրքին, Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորմանը, Լեհաստանում հայերի վաղեմի ներկայությանն ու հայ-լեհական բարեկամական հարաբերություններին:

Սեպտեմբերի 23-ին Լեհաստանի Կուրով քաղաքում մատուցված Հայ Կաթողիկե եկեղեցու պատարագից հետո հանդիսավորությամբ օծվել է հայկական ծագումով նշանավոր լեհ հոգևորական, փիլիսոփա, գրող, պետական և հասարակական գործիչ, Լեհաստանի մայիսի 3-ի Սահմանադրության համահեղինակ, Լեհաստանի առաջին Հանրապետության կրթության առաջին նախարար Գժեգոժ Պիրամովիչի (Գրիգոր Փիրումյանի) հիշատակին նվիրված հայկական խաչքարը։ Արարողությանը ներկա էին Կուրովի տեղական իշխանությունների, համայնքային ներկայացուցիչներ, մտավորականներ և լրագրողներ։

Ներկաներին ուղղված խոսքում դեսպան Էդգար Ղազարյանը, կարևորել է Կուրովում կանգնեցված հայկական հուշարձանը՝ որպես հայ և լեհ ժողովուրդների միջև բարեկամության խորհրդանիշ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am