Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հուլիս

Շախմատի տղամարդկանց հավաքականի հաջորդ մրցակիցը Թուրքիան է. օլիմպիադա  


ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց ընտրանիները գիտեն իրենց հաջորդ մրցակիցներին 43-րդ օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց ընտրանին 3-րդ տուրում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ կանայք ուժերը կչափեն հույների հետ:

Թե տղամարդկանց, թե կանանց ընտրանիները հաջողությամբ սկսեցին օլիմպիադան: Մեկնարկային տուրում տղամարդկանց ընտրանին 3,5-0,5 հաշվով հաղթեց Ճապոնիան, իսկ 2-րդ տուրում 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Ղազախստանի թիմի նկատմամբ: Կանայք անդրանիկ տուրում պարտության մատնեցին Ղրղզստանին (3,5-0,5), իսկ երկրորդում` Ավստրիային (3-1):

Տղամարդկանց մրցաշարի երկրորդ տուրի ֆավորիտ թիմերը կազմել են հետևյալ զույգերը. Վրաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Իռլանդիա, Հնդկաստան-Լյուքսեմբուրգ:

Տղամարդկանց առաջնությունում հաղթողի տիտղոսի համար կպայքարի 185 հավաքական: Մրցաշարում առաջին դասակարգվածը գործող չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականն է, որի կազմում հանդես են գալու Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Սամուել Շանկլանդը և Ռեյ Ռոբսոնը: Մրցաշարում երկրորդ ամենաբարձր գործակիցն ունի Ռուսաստանի ընտրանին, որի կազմում հանդես են գալիս Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Վլադիմիր Կրամնիկը, Նիկիտա Վիտյուգովը և Դմիտրի Յակովենկոն: Գործակցով երրորդն է Չինաստանի հավաքականը՝ Դին Լիժեն, Յու Յանգի, Վեյ Յի, Բու Սիանջի, Լի Չաո կազմով:
Օլիմպիադայում 4-րդ անգամ կփորձի չեմպիոնի կոչումը նվաճել Հայաստանի հավաքականը: Մեր թիմի կազմում Բաթում են մեկնել Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Թիմի գլխավոր մարզիչն է Արշակ Պետրոսյանը:

Օլիմպիադային ուժեղ կազմերով են ներկայացել նաև Հնդկաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Անգլիայի և Իսրայելի թիմերը:

Կանանց մրցաշարում առաջին դասակարգվածն է Ռուսաստանի հավաքականը: Թիմի կազմում հանդես են գալիս Ալեքսանդրա Կոստենյուկը, Ալեքսանդրա Գորյաչկինան, Վալենտինա Գունինան, Նատալյա Պոգոնինան և Օլգա Գիրյան: Առաջնությունում գործակցով 2-րդը Ուկրաինան է, իսկ 3-րդը՝ Չինաստանը:

Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա և Սիրանուշ Ղուկասյան: Թիմի գլխավոր մարզիչն է Արթուր Չիբուխչյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ