Գյումրիում անցկացվեց հաշմանդամության իրազեկման քայլարշավ
ԳՅՈՒՄՐԻ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սեպտեմբերի 22-ին անցկացվեց հաշմանդամության իրազեկման առաջին քայլարշավը:
Նախաձեռնությունը «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների աջակցության ռեսուրս կենտրոնինն ու օրերս բացված «Արեգակ» փուռ-սրճարանինն էր: Քայլարշավին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները, ինչպես նաև նրանց ծնողներն ու կամավորները:
Միջոցառման մասնակիցները քայլեցին Գյումրու «Վարդանանց» հրապարակի շուրջ: Կազմակերպիչներն այս քայլարշավով ցանկանում Էին նպաստել այս գաղափարին, որ հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամներ են: Յուրաքանչյուր անհատ, ըստ կազմակերպիչների պետք է ընդունվի յուրովի, իսկ յուրաքանչյուր քաղաքացի, ունի իր իրավունքները, այդ թվում նաև ազատ տեղաշարժվելու: Խաղաղության կորպուսի կամավոր Նիկոլ Շանկերը, ով համակարգում է քայլարշավը նշեց. «Միջոցառման նպատակն է համախմբել համայնքին մի գործողության շուրջ, որը կնպաստի հաշմանդամության մասին իրազեկմանը, առողջ ապրելակերպին և մեր նոր ներառական սրճարանի մասին տեղեկատվության տարածմանը»:
Արմենուհի Մխոյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում