#ԿինոՇաբթի. «Պարզ խնդրանք»-ը և ևս 2 նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Սեպտեմբերի 20-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 3 նոր ֆիլմեր:
«Գործակալ Ջոնի Ինգլիշ 3.0»
Երբ թագուհու գաղտնի գործակալության բոլոր գործակալները շարքից դուրս են գալիս, խաղի մեջ է մտնում պահեստային տարբերակը։ Անգլիական ոճի օրինակ և ճակատագրային գեղեցկուհիների սիրելի. անելանելի դրությունների թագավոր և թվային աշխարհի սովորույթների պահապան, գործակալ Ջոնի Ինգլիշ՝ բրիտանական հետախուզության ցավն ու հպարտությունը։
Ռեժիսոր` Դեյվիդ Քեր, դերերում՝ Ռոուեն Ատկինսոն, Օլգա Կուրիլենկո, Էմմա Թոմսոն և այլք:
«Պարզ խնդրանք»
Սթեֆանին փոքր քաղաքում բնակվող բլոգեր է, ով ծանոթանում և ընկերանում է մի առեղծվածային կնոջ հետ: Մի օր նա կատարում է ընկերուհու խնդրանքը, որից հետո վերջինս անհետ կորում է: Սթեֆանին որոշում է ամեն գնով բացահայտել ընկերուհու հետ պատահածը:
Ռեժիսոր՝Փոլ Ֆիգ, դերերում՝ Բլեյք Լայվլի, Աննա Քենդրիկ, Հենրի Հոլդինգ և այլք:
«Միանձնուհու անեծքը»
Երբ Ռումինիայի մեկուսացված վանքում երիտասարդ միանձնուհին ինքնասպանություն է գործում, դեպքը հետաքննելու համար Վատիկանը ուղարկում է կասկածելի անցյալով քահանայի և վանականուհու։ Վտանգելով ոչ միայն սեփական կյանքերը, այլ նաև հավատքը և նույնիսկ սեփական հոգիները՝ նրանք բախվում են չար ուժի հետ, որն ընդունել է հրեշավոր միանձնուհու կերպար…
Ռեժիսոր`Քորին Հարդի, դերերում՝ Դեմիան Բիշիր, Թաիսա Ֆարմիգա, Բոննի Աարոնս և այլք:
Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում