Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Էրիկ Էսրաիլյանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքն այցելել են ԵՊԲՀ


ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքում հայ և օտարերկրացի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ դիմավորել են, ամերիկահայ անվանի բժիշկ,  ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից, այցը համալսարան մեկնարկել է  խորհրդանշական խմբակային լուսանկարով ուսանողների հետ, այնուհետև հյուրերը ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջել են Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, ծանթացան նորաբաց կառույցի հնարավորություններին:

Մեր անվանի հայրենակիցը հետաքրքրվել է կենտրոնի գործունեությամբ, հետևել սովորողների դասապրոցեսին: Այնուհետև ռեկտորատի դահլիճում, ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Էրիկ Էսրաիլյանին և Ջին Բլոքին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ բուհի համար մեծ պատիվ է հյուրընկալել  ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչներին, որտեղ ինքն անձամբ նախորդ տարի Էրիկ Էսրաիլյանի աջակցությամբ առիթ է ունեցել լինելու: Բուհի ղեկավարը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը, նաև հետագա համագործակցության հնարավորությունների քննարկումը:

ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը հյուրերին ներկայացրել է զեկույց, որը համառոտ պատմում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատմության, ներկա և ապագա ծրագրերի, գործունեության, իրականացվող աշխատանքների մասին:

Էրիկ Էսրաիլյանը ընդգծել է, որ տպավորված է ԵՊԲՀ-ի ընդունելությամբ և իր համար, թե´ որպես հայ և թե´ որպես բժիշկ պատիվ է ներկա գտնվել այս համալսարանում: Գործընկերոջ հետ նրանց այցի նպատակն է զարգացնել համագործակցությունը այդ թվում կրթական ոլորտում, ինչպես նաև կիսվել  նոր գաղափարներով ու նախաձեռնություններով:

Մեր հայրենակիցը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը տնօրենների կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2016 թվականին: Մի շարք կազմակերպությունների վարչության անդամ է, այդ թվում նաեւ Կալիֆոռնիայի բժշկական վարչության:  Ուսանողները բազմաթիվ հարցեր հղեցին Էրիկ Էսրաիլյանին:

«Ինձ երբեմն հարցնում են` ինչպես է ինձ հաջողվել անել այս կամ այն բանը, չէ որ բժիշկ եմ, ինչին ես պատասխանում եմ, որովհետև ես բժիշկ եմ»,- մասնագիտության վերաբերյալ հարցերից մեկին ի պատասխան նշել է մասնագետը:

Խոսելով բժշկի մասնագիտության մասին, նա շեշտել է, որ բժիշկ լինելը առավելություն է, քանի որ այն հնարավորություն է տալիս ոչ թե մտածել միայն որևէ պաշտոն ձեռք բերելու մասին, այլև առաջին հերթին հնարավորություն է ծառայելու մարդկանց:

Հարցին՝ արդյոք կապ ուներ նրա բժիշկ դառնալու հանգամանքն այն փաստի հետ, որ «Խոստումը» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը ևս բժիշկ էր, նա նշել է, որ միշտ է ցանկացել բժիշկ դառնալ: Նրա խոսքով` սա այն մասնագիտությունն է, որն օգնում է մարդկանց, իսկ դա այն էր, ինչը ցանկացել է թե' ինքը, թե' իր` արմատներով պատմական Հայաստանից ընտանիքը:

Իր տպավորություններով կիսվել է նաև ակադեմիկոս Ջին Բլոքը: Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորի խոսքով՝ իրենց համալսարանում սովորում են բազմաթիվ հայազգի ուսանողներ և իր համար շատ հետաքրքիր  է և հաճելի այսօր այցելել իր ուսանողների հայրենիք:

Բուհի վարչական մասնաշենքում կայացած հանդիպումից հետո հյուրերն այցելել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նրանք ծանոթացել են կարևոր սոցիալական նշանակության այս կենտրոնի ստեղծման պատմությանը,  շփվել տղաների հետ:

Էրիկ Էսրաիլյանի  և Ջին Բլոքի եռօրյա այցը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով է: Եռօրյա այցի ընթացքում հյուրերը  կայցելեն տարբեր կրթական հաստատություններ, կքննարկեն համատեղ կրթական, բարեգործական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ