Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Ծաղկաշեն, Կարմիրգյուղ եւ Գանձակ համայնքներ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց Ծաղկաշեն, Կարմիրգյուղ եւ 
Գանձակ համայնքներ

ԳԱՎԱՌ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը շարունակում է աշխատանքային այցերը մարզի տարբեր տարածաշրջանների համայնքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հերթական այցը մարզպետը կատարել է Ծաղկաշեն, Գանձակ եւ Կարմիրգյուղ համայնքներ: Ծաղկաշենի միջնակարգ դպրոցում մարզպետը ծանոթացել է շենքային բարվոք պայմաններին, նոր ուսումնական տարվա անելիքների շուրջ զրույց ունեցել դպրոցի տնօրինության հետ: «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով արդիականացված դպրոցն արդեն 1 տարի է, ինչ ապահովված է շենքային ու գույքային լավագույն պայմաններով: 140 աշակերտական տեղ ապահովող դպրոցում այս ուսումնական տարում հաճախում են 64 աշակերտ:
Ծաղկաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում Իշխան Սաղաթելյանը համայնքի ղեկավարի հետ քննարկել է 9-րդ դարից մեզ հասած եկեղեցու նորոգման, տարածքի բարեկարգման, զբոսաշրջության զարգացման հետ կապված որոշակի հարցեր: Ծաղկաշենի համար որպես առաջնահերթ լուծում պահանջող հարց ներկայացվել է խմելու ջրի խորքային հորի համար նոր պոմպի ձեռքբերումը: Մարզպետը հավաստիացրել է ծաղկաշենցիներին, որ խնդիրը լուծվելու է ՀՀ կառավարության միջոցներով առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորման ծրագրի շրջանակում: «Համայնքի բնակչության առջեւ ծառացած են խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման խնդիրները: Խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման ծրագիրը Ծաղկաշենում կմեկնարկի գարնանը, իսկ եկող տարվանից համայնքը կունենա անխափան ջրամատակարարում: Ինչ վերաբերում է խորքային հորի պոմպի ձեռք բերմանը, ապա մինչեւ տարեվերջ հարցը դրական լուծում կստանա»,-տեղեկացրել է Իշխան Սաղաթելյանը:
Գանձակ համայնքում մարզպետն այցելել է թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցներ եւ մի շարք շինարարական տեղամասեր, որտեղ պետբյուջեի միջոցներով կամ սուբվենցիոն ծրագրերով ավարտվել կամ ընթանում են շինարարական աշխատանքներ: Գանձակի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ դպրոցներում Իշխան Սաղաթելյանը ծաղիկներ է դրել հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոս հայորդիներ Արմեն Մարտիրոսյանի եւ Գուրգեն Այվազյանի անունները կրող ռազմագիտության կաբինետներում ստեղծված հուշանկյուններում: Ծանոթանալով դպրոցների շենքային պայմաններին՝ մարզպետը տնօրենների եւ մանկավարժների հետ քննարկել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ: Գանձակ-Ծաղկաշեն ճանապարհի կամրջի նորոգման տեղամասում Իշխան Սաղաթելյանին զեկուցվել է, որ պետբյուջեի միջոցներից կամրջի հիմնանորոգման համար հատկացվել է շուրջ 100 միլիոն դրամ, իսկ շինարարության մրցույթը շահվել է շուրջ 70 միլիոն դրամով: Շինարարական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի ընթացքում, որից հետո կապահովվի անխափան երթեւեկությունը երկու բնակավայրերի միջեւ: Գանձակում Իշխան Սաղաթելյանը ծանոթացել է նաեւ ոռոգման ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ 430 մետր երկարությամբ ոռոգման ջրանցքում հիմնանորոգման աշխատանքների շնորհիվ նվազագույնի են հասցվել կորուստները:
Կարմիրգյուղ համայնքում նույնպես մարզպետը հագեցած աշխատանքային հանդիպումներ է ունեցել համայնքի երկու դպրոցներում, բուժամբուլատորիայում, արվեստի դպրոցում ու մանկապարտեզում եւ մեկ թաղամասում, որի փողոցը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում առաջնահերթ լուծում դիտարկվող հարց է համարվել նոր պատուհանների տեղադրումը, տանիքի նորոգումը, թիվ 2 միջնակարգ դպրոցում՝ լոկալ ջեռուցման համակարգի կառուցումը եւ մարզադահլիճի հիմնանորոգումը: Հիմնանորոգման խիստ կարիք է զգացվում նաեւ Կարմիրգյուղի բուժամբուլատորիայի շենքում:
«Աշխատանքային այցերը մեզ հնարավորություն են տալիս՝ տեղում դիտարկելու իրականացվող ծրագրերի ընթացքը եւ վեր հանելու առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները: Գանձակում մենք իրականացված մեծ ծավալի աշխատանք տեսանք, միաժամանակ արձանագրեցինք նոր խնդիրներ, որոնց լուծման համար պետք է գտնենք նոր միջոցներ: Ավելի շատ անելիքներ ունենք թե Գանձակի, թե Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցներում, որտեղ կփորձենք կուտակված խնդիրները լուծել այդ հաստատությունների խնայած միջոցների հաշվին: Իսկ ավելի մեծ ծախսեր պահանջող խնդիրները լուծելու համար հարկ կլինի փնտրել նոր միջոցներ: Առաջ քաշված ու առաջնահերթ լուծում պահանջող որեւէ հարց անուշադրության չենք մատնի»,- աշխատանքային այցն ամփոփել է մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am