Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Իլհամ Ալիևի որդին ծառայի սահմանագծում. ՀՀ վարչապետ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ: 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ: ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի սեպտեմբերի 16-ի նախընտրական հավաքի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևեի որդու զինվորական ծառայության անցնելու փաստին՝ նշելով, որ Ադրբեջանի ժողովուրդը իր երկի ղեկավարի առջև պետք է խնդիր դնի, որպեսզի նրա որդին ծառայի սահմանամերձ գոտում:

«Վերջին երեք օրերի ընթացքում ՀՀ զինված ուժերը  խոցել են երեք ադրբեջանցու ոչ թե այն պատճառով, որ հաճույք է ստանում, այլ այն պատճառով, որ Ադրբեջանի հրամանով կրակում էին ՀՀ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ»,- ընդգծեց Փաշինյանը:

«Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Իլհամ Ալիևի որդին ծառայի առաջնագծում»,- շեշտեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ «որևէ ադրբեջանցի մայր չի կարող մեղադրել մեզ, որովհետև մենք հակագործողության ենք դիմում այն ժամանակ, երբ այլևս հնարավոր չէ չդիմել հակագործողության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սեպտեմբերի 16-ին Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը ծառայության է անցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության զորամասերից մեկում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի վերջին հարցազրույց էր տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովին, ով

հետաքրքրվել էր, թե ինչու է վարչապետն իր որդուն ուղարկել հենց Ղարաբաղ ծառայելու, ինչին ի պատասխան Փաշինյանը նկատել էր, որ որդին գնացել է կամավոր սկզբունքներով: «Շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ, բայց հակառակը, դա խաղաղասիրական քայլ է: Բոլորս էլ հասկանում ենք, որ երբ որդուս ուղարկում եմ Ղարաբաղ, չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի. Աստված չանի, մահանա իմ որդին կամ իմ հայրենակիցների որդիները, կամ շարքային ադրբեջանցիների որդիները: Դա տրամաբանական չէ: Ես դա չեմ ուզում: Ուրախ կլինեի, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս որդուն այնտեղ ուղարկեր ծառայելու: Եթե նրա որդին ևս այնտեղ ծառայեր, ես դա կընդունեի որպես խաղաղասեր քայլ: Բոլորս համոզված կլինեինք, որ պարոն Ալիևը ևս չի ցանկանա, որ իր որդին մահանա»,- ասել էր Փաշինյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ