Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել նոր հուշադրամներ


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 10-ից շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 25 տարին», «Երևան-2800» արծաթե հուշադրամները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

 Ազգային դրամի 25 տարին 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է հայկական դրամի գրանշանը և “25 ՏԱՐԻ” գրառումը դրամանիշերի պաշտպանական տարրերի ֆոնին:

 

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը         5000 դրամ

Մետաղը/հարգը                արծաթ 925

Քաշը                               168,1 գ

Տրամագիծը                      63,0 մմ

Որակը                             պրուֆ

Դրամաշուրթը                   հարթ, համարակալված

Քանակը                           300 հատ

 

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

Երևան-2800 

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Երևան քաղաքի խորհրդանշանային պատկերներից՝ զինանշանը, հատակագիծն ու քաղաքապետարանի շենքի ռելիեֆային զարդանախշը՝ կենաց ծառի տեսքով:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքի «Արգիշտի արքան և քաղաքի հիմնադիրները» մոնումենտալ քանդակից հատված (գործ՝ Ա. Հարությունյանի):

 

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը         5000 դրամ

Մետաղը/հարգը                արծաթ 925

Քաշը                               168,1 գ

Տրամագիծը                      63,0 մմ

Որակը                             պրուֆ

Դրամաշուրթը                   ատամնավոր

Քանակը                           700 հատ

 

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

 

Ծանուցում

 

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:  

Դրամագետները, հավաքորդներն ու ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ