Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վերակառուցվում է Գավառ քաղաքի անձնագիր-հուշապատը

Վերակառուցվում է Գավառ քաղաքի անձնագիր-հուշապատը

ԳԱՎԱՌ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքում, մարզպետարանի շենքի դիմաց կառուցված անձնագիր -հուշապատն արդեն վերակառուցվում է՝ ձեռք բերելով նոր տեսք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, քաղաքի անձնագիր-հուշապատը կառուցվել էր 1980-ական թվականների սկզբին: Եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տեքստը ներկայացնում էր Գավառ քաղաքի հիմնադրման պատմությունը, որը սկսվում է Ք. ա. 732 թվականից, ինչի մասին վկայում է Ուրարտուի արքա Ռուսա Երկրորդի թողած վիմագիր արձանագրությունը, որը գտնվել է Գավառ քաղաքի «Դարի գլուխ» կոչվող բերդի տարածքում եւ պահպանվում է Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում: «Հուշապատ-անձնագիրը կորցրել էր բարեկարգ տեսքը, արձանագրության մետաղաձույլ տառերը թափվել էին, ենթարկվել կոռոզիայի: Նոր նախագծով պահպանում ենք հուշապատը, սակայն տալիս ենք այլ լուծումներ: Ուրարտական սեպագիր արձանագրության թարգմանված տեքստը լինելու է եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, բայց հուշապատն ունենալու է հուշագրի 4 տախտակ, որոնցից երեքում տեղադրվելու են եռալեզու տեքստերը, մեկում՝ Սեւանի ավազանի քարտեզը: Մետաղաձույլ տառերի փոխարեն ունենալու ենք գրանիտե սալերի վրա ծեծված գունապատ տառեր, որպեսզի դրանք ընթերցվեն նաեւ անձրեւոտ եղանակներին: Տարածքը բարեկարգվելու է, տեղադրվելու են նաեւ ցայտաղբյուր եւ լուսավորման համակարգ: Լուծումները տրվել են քաղաքի կենտրոնական հրապարակի տեսքն ամբողջացնելու սկզբունքով»,-ներկայացրեց նախագծի հեղինակ, ճարտարապետ Ռաֆիկ Հերգնյանը:
Անձնագիր-հուշապատի մասնակի քանդումն արդեն ավարտվել է: Այժմ ընթանում են երեսպատման եւ ջրագծի անցկացման աշխատանքները: Անձնագիր-հուշապատի կառուցման աշխատանքները կատարվում են Գավառ համայնքի բյուջեի միջոցներով: Այս նպատակով հատկացվել է 6 միլիոն 781 հազար դրամ: Շինարարները վստահեցնում են, որ վերակառուցման աշխատանքները ավարտին կհասցվեն մինչեւ տարեվերջ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am