Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Ելք» խմբակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը համարում է կանոնակարգի խախտում

«Ելք» խմբակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը համարում է կանոնակարգի 
խախտում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ալեն Սիմոնյանը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի հրապարակման դեպքի մանրամասները քննելու նպատակով քննիչ հանձնաժողովի ստեղծումն ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում են համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորները նման տեսակետ հայտնեցին հանձնաժողովի ստեղծման համար հրավիրված արտահերթ նիստում:

«Հանձնաժողով ստեղծելու համար ստորագրահավաքից հետո մենք ուսումնասիրեցինք «ԱԺ կանոնակարգ»-ը և դրանում քննիչ հանձնաժողով ստեղծելու սահմանափակում տեսանք: Զարմացած եմ, որ դա վրիպել է ձեր աչքից: Քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել, եթե նախաքննություն է ընթանում: Երկու դեպքերով էլ նախաքննություն է ընթանում, կա մամուլի հաղորդագրություն, որ քրեական գործեր են հարուցված: Դրա համար ԱԺ-ն չի կարող ստեղծել այդպիսի հանձնաժողով»,-շեշտեց Էդմոն Մարուքյանը:

ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը նշեց` այդ հանգամանքը չի վրիպել իրենց աչքից: «Մենք չենք խոսում կոնկրետ քրեական գործերի մասին: Սա մեզ բերում է այն եզրահանգման, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության գաղտնիության սկզբունքը խախտվել է, դա կասկածի տեղիք է տալիս ցանկացած քաղաքացու` արդյոք իր հեռախոսային գաղտնիության իրավունքը պաշտպանվա՞ծ է»,-ասաց նա:

Էդմոն Մարությանը նշեց` ԱԺ այդ նիստը գումարելու որոշման նախագծում նշված է այն դեպքը, որի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ: Պատգամավորները կոնկրետ այդ դեպքի համար են ստորագրահավաք իրականացրել: «Այդ նպատակով էլ ցանկանում են ստեղծել հանձնաժողով: Գաղտնալսման մասին հայտնի տեղեկություն կամ որևէ պաշտոնատար անձի կողմից քրեական գործի նախաքննությանը  խոչընդոտելու փաստ չունենք: Այդ փաստերով եք դուք ուզում ստեղծել հանձնաժողով»,-նշեց Մարուքյանը:

Կոստանյանը նշեց, որ եթե տեքստի ձևակերպումը խնդիր է, կարող են փոխել:

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ անունն ինչ ուզում է դնեն, նույն հարցն են քննարկելու: Իսկ «ԱԺ կանոնակարգն» ասում է, որ քննչական հանձնաժողովի քննության առարկա չեն կարող դառնալ նախնական քննության կամ դատավարության այլ փուլում գտնվող հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am