Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կայացավ «Երևան. հին ու նոր հեռանկարներ» ֆորումը


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևան քաղաքի 2800-ամյակին ընդառաջ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան և ՀԲԸՄ-Հայաստանը կազմակերպել են  «Երևան-2800» խորագրով միջոցառումների շարք, որի հիմնակետը Մկրտիչ Արմենի «Երևան» վեպին նվիրված կերպարվեստի ցուցահանդեսն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վեպում բարձր գեղարվեստական ոճով վեր են հանվում ազգային ինքնության այնպիսի հիմնադրույթներ, ինչպիսիք են հայ և, մասնավորապես, երևանյան մշակույթի տեղայնացումն Արևմուտքի և Արևելքի միջև, ավանդականի և ժամանակակցի բարդ հարաբերությունը, հայ քաղաքաշինության ճարտարապետության գեղարվեստական սկզբունքները, խնդիրները, որոնք նույնչափ արդիական են նաև այսօր՝ գրքի ստեղծումից ավելի քան 8 տասնամյակ անց:

Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ նաև  «Երևան. հին ու նոր հեռանկարներ» թեմայով ֆորումը, որի ընթացքում քննարկվեցին քաղաքի մշակութային ինքնության խնդիրներն անցյալում և ներկայում, ներկայացվեցին երևանյան ենթամշակույթները և այլն:

Դիզայներ Էդուարդ Քանքանյանի կարծիքով՝ մենք Երևանի հետ վարվում ենք այնպես, ինչպես մեր մազերի հետ, երբ սթրեսային վիճակում ենք հայտնվում: «Օրինակ՝ երբ դեպրեսիոն վիճակում ենք լինում, արտաքին փոփոխություններ ենք անում, կտրում ենք մազերը, ներկում և այլն: Նույն կերպ վարվում ենք նաև քաղաքի հետ ու կորցնում ենք դրա ընդհանուր դիմագիծը»,-ասաց նա:

Դիզայների խոսքով`պետք չէ քանդել ինչ-որ շենքեր այն պատճառով, որ չեն համապատասխանում ներկայիս չափանիշներին: «Թեկուզ առանց ճաշակի կառուցած շենքերը տարիներ հետո կխոսեն դրա մասին: Ամեն դեպքում դրանք պատմություն են կերտում, ինֆորմացիա են հաղորդում»,-ընդգծեց Էդուարդ Քանքանյանը:

Արվեստաբան Նազենի Ղարիբյանի հավաստմամբ`Երևանում միախառնված են տարբեր ժամանակների ու ժողովուրդների մշակույթները: «Օրինակ՝ կամարը եկեղեցական երևույթ չէ, այն հռոմեացիների նորամուծությունն է քաղաքաշինության մեջ և նաև աշխարհիկ տարրեր է պարունակում: Երևանն ունեցել է տարբեր թաղամասեր հստակ բաժանումներով`հայկական, պարսկական և այլն, որոնք կառուցված են եղել տվյալ ժողովուրդների մշակույթով»,- նշեց արվեստաբանը:

Նրա խոսքով՝ Հին Հայաստանի քաղաքները հիմնականում կառուցվել են երկու գետերի հատման միջև ընկած տարածքում, որը պարթևական ավանդույթին է բնորոշ: «Երևանն էլ է այդպես կառուցված: Բացի այդ, ունենք նաև իրանական, պարթևական և այլ շերտեր: Այսինքն՝ Երևան քաղաքը տարբեր մշակույթների խտացումն է, ընկած է արևելյան ու արևմտյան մշակույթների կենտրոնում, բայց, ցավոք, ոչ բոլոր տարրերն են պահպանվել,-հավելեց նա:

 Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքի շրջանակում հյուրընկալվել էր նաև Սարգիս Հովհաննիսյանի գրաֆիկական ցուցահանդեսը, որը նվիրված էր Երևանի հին շենքերին և դրանց կերպարանափոխմանը վերջին տասնամյակի ընթացքում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ