Հասարակական

ՀՀ-ում պետպատվերով տրամադրվող հոգեմետ դեղերի որակը կասկածի տեղիք չի տալիս. ԱՆ պարզաբանումը

3 րոպեի ընթերցում

ՀՀ-ում պետպատվերով տրամադրվող հոգեմետ դեղերի որակը կասկածի տեղիք չի տալիս. ԱՆ պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից տրամադրվող բոլոր հոգեմետ դեղերը տեղական արտադրության են, ոչ թե ներկրված որեւէ դեղագործական ընկերության կողմից: Մեր երկրում գրանցված բոլոր դեղերը համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված չափանիշերին` արդյունավետ են, անվտանգ եւ որակյալ: Այս մասին «Արմենպրես»-ին ասացին առողջապահության նախարարության լրատվական բաժնից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականում հայաստանյան հոգեբուժական հաստատություններում բուժում ստացող անձանց տրամադրվող դեղերի հետ կապված մտահոգիչ խնդիրներ կան, ինչի մասին որոշ կարծիքներ են հնչում:

Առողջապահության նախարարության պատասխանում ասվում է. «Ի պատասխան դիտարկումների, թե հոգեկան խնդիրներ ունեցողներին 1 տարի առաջ անվճար տրամադրվող «Զիպրեքսա» դեղամիջոցն առավել արդյունավետ էր, քան ներկայումս դրա փոխարեն տրամադրվող տեղական արտադրության «Օլանզապինը», ԱՆ-ն հայտարարում է` օլանզապին ազդող նյութ պարունակող բոլոր դեղերը համարժեք են: «Զիպրեքսան» օլանզապին նյութը պարունակող օրիգինալ դեղն է: Մյուսները, որոնք պարունակում են նույն ազդող նյութը, ջեներիկ դեղեր են եւ գրանցված են ՀՀ-ում: Շեշտենք նաեւ` մեր երկրում գրանցված բոլոր դեղերը համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված չափանիշերին` արդյունավետ են, անվտանգ եւ որակյալ: ՀՀ կառավարության «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» 23.11.2006թ. N 1717-Ն որոշման համաձայն` հոգեկան հիվանդությունների առկայության դեպքում դեղերը հիվանդներին տրվում են անվճար` համապատասխան բժշկական հաստատությունների միջոցով: Ներկայում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից տրամադրվող բոլոր հոգեմետ դեղերը տեղական արտադրության են, ոչ թե ներկրված որեւէ դեղագործական ընկերության կողմից: Միաժամանակ շեշտենք նաեւ, որ հանրային առողջությանն առնչվող հարցերն առանց մասնագիտական հիմնավորումների ներկայացնելն ու անհարկի շահարկելն անթույլատրելի է»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում