Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երեք ամսում 12.3 տոկոսով աճել է հանցագործությունների ընդհանուր թիվը

Երեք ամսում 12.3 տոկոսով աճել է հանցագործությունների ընդհանուր թիվը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի համեմատ՝ 2018 թվականի մայիսի 10-ից մինչև օգոստոսի 20-ը, հանրապետությունում գրանցված հանցագործողությունների ընդհանուր թիվն աճել է 12.3 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:

«Այս փաստը մի կողմից պայմանավորված է ոստիկանության հանդեպ վստահության մեծացմամբ, իսկ մյուս կողմից՝ սկսել են բացառվել հանցագործությունները գրանցելու արատավոր երևույթները: Քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմելուց: Հաշվետու շրջանում ընթացք է տրվել հանցագործությունների մասին 13 հազար 215 հաղորդման: 2017 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 9730 հաղորդում, աճը 35.8 տոկոս է կազմում»,- նշեց Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը:

«100 օրվա ընթացքում բացահայտվել է վարույթում քննվող քրեական գործերով 1253 ծանր և 133 առանձնապես ծանր հանցագործություն, այդ թվում սպանության և սպանության փորձի 42, առողջությանը ծանր վնաս պատճառելու 108, բռնաբարության և բռնաբարության փորձի 17, հրազենի ապօրինի շրջանառության 206, մահվան ելքով ՃՏՊ-ների 138, խուլիգանության 111, թմրամիջոցների ապօրինի շրջանառության 410 դեպք: Թմրամիջոցների իրացման 228, մաքսանենգության 66 դեպք է բացահայտվել, ավազակության՝ 23, կողոպուտի՝ 82, գողության՝ 1222, այդ թվում՝ բնակարանային գողության՝ 166, խարդախության՝ 233 դեպք և այլն»,- ամփոփ ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետը:

Ոստիկանության գործունեության 100 օրվա ընթացքում հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 746 հանցագործության դեպք: Նախորդ տարվա համեմատ՝ կրկնակի անգամ ավելին:

«Առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային հանցատեսակների հայտնաբերման ոլորտում: Աճ է արձանագրվել հետևյալ ուղղություններով՝ պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքեր՝ 3.5 անգամ, յուրացման կամ վատնման՝ մոտ 2 անգամ, պաշտոնական լիազորությունների չարաշահման դեպքեր՝ 1.5 անգամ, կաշառք ստանալու կամ միջնորդության դեպքեր՝ 2.2 անգամ: Վերջին 100 օրվա ընթացքում հայտնաբերվել է կաշառակերության գրեթե նույնքան դեպք, որքան 2017 թվականի ողջ տարվա ընթացքում կամ 2015-2016 թվականները միասին վերցված»,- ասաց Արմեն Ղուկասյանը:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով և հարուցված քրեական գործերով իրականացված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են պետությանը շուրջ 4.4 մլրդ դրամի վնաս պատճառելու փաստեր: Շուրջ 147 մլն դրամ վնասը վերականգնվել է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am