Հասարակական

Ցեղասպանության օրերին ամերիկացի Էլդեր եղբայրների աջակցությունը հայերին ներկայացված է ցուցահանդեսում 

2 րոպեի ընթերցում

Ցեղասպանության օրերին ամերիկացի Էլդեր եղբայրների աջակցությունը հայերին ներկայացված է ցուցահանդեսում 

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության հետևանքով Արևելյան Հայաստան գաղթած և այնտեղ հաստատված ամերիկացի կամավորական Էլդեր եղբայրների մասին:

«Ամերիկայի օգնությունը 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացվում է Ամերիկայի հայկական համագումարի, Վաշինգտոնում հայկական ազգային ինստիտուտի և «Նարեկացի» արվեստի միության կողմից:

«Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանի խոսքով՝այս ցուցահանդեսը մեծ նշանակություն ունի հայերի համար:

«Ջոն և Ջեյմս եղբայրներն օգնել են հայ որբերին`վտանգելով նույնիսկ իրենց կյանքը: Ցուցահանդեսը ներկայացնում է նաև Ամերիկայի ժողովրդի կարեկցանքը հայերի նկատմամբ: Մենք երախտապարտ ենք նրանց՝մեր կողքին գտնվելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նարեկ Հարությունյանը:

Ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում հայերին բազմաթիվ վտանգներից փրկելուն ուղղված Ջոն Էլդերի և Ջեյմս Էրոլի գործադրած ջանքերի պատմությունը, որը հիմնված է Ջոն Էլդերի անձնական օրագրի և լուսանկարների վրա:

Ցուցադրությունում ներկայացված են 95 լուսանկարներ, որոնցից 64-ը Ջոն Էլդերի լուսանկարների հավաքածուից են, 8-ը ժամանակակից արձանագրություններ ու փաստաթղթեր են, իսկ 4-ը քարտեզներ: Ջոն Էլդերին է վերագրվում 15 000 հայ որբերին տրամադրված օգնությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հավաստմամբ՝ նմանատիպ միջոցառումները կարևոր են հայ հասարակության համար:

«Սա տեղեկությունների նոր աղբյուր է մեր պատմության, Հայաստանի առաջին Հանրապետության և շատ այլ բաների մասին: Հարկավոր է նմանատիպ միջոցառումներով ավելի շատ իրազեկել հասարակությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 25-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում