Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Գյումրիում տեղի ունեցավ «Խաղացողը» գրքի շնորհանդեսը


ԳՅՈՒՄՐԻ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քըրք Քըրքորյանի՝ Գյումրու Աբովյան ճեմափողոցում վերջերս բացված արձանի հարևանությամբ տեղի ունեցավ ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելեր դարձած գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գիրքը հայ ընթերցողին է ներկայացվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ, Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները: «Խաղացողը. թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018թ. հունվարի 23-ին:
Հեղինակը՝ Ռեմփելը, փաստում է՝ սա իննսունութամյա մի կյանքի ոգեշնչող պատմություն է Քըրք Քըրքորյանի մասին՝ մի տղայի, որը ոտաբոբիկ վազվզում էր Կալիֆոռնիայի Սան Խոակին հովտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչև ընտանեկան ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղա դարձրեց, որն ստիպված էր պայքարել Լոս Անջելեսի կեղտոտ մայթերին իր տեղը գտնելու համար: Նա պինդ տղա էր, որ լաց էր լինում հուղարկավորությունների ժամանակ, համեստ մարդ, որ գաղտնի հպարտանում էր իր ձեռքբերումներով, բիզնես հանճար, որ արհամարհում էր «Էմ-Բի-Էյ»-ի խորհրդատուներին, համարձակ օդաչու և կինոմագնատ, մոլի խաղացող խաղատներում և Ուոլ Սթրիթում, որը մի գերբնական հմտությամբ նվազագույն ռիսկերով, ամենահավանական ելքի վրա էր խաղագումարը դնում:
Ուիլյամ Չ. Ռեմփելն իր գրքում փաստում է՝ Քըրքը շատ փակ մարդ էր: Հազվադեպ էր հարցազրույցներ տվել, երբեք հանրության առջև ելույթներ չէր ունեցել և իր անձնական տարածքի պահպանումն ամեն ինչից վեր էր դասում: Նրա բիզնես խորհրդատուներից և գործընկերներից շատերը դեռ համոզված են, որ նրա այդ մեկուսացվածությունը անգամ հետմահու էր պետք պահպանել: Սակայն Ռեմփելին հաջողվել է գիրք հեղինակել:
Գիրքը փաստագրական է. բոլոր մեջբերումներն ու նկարագրական տեսարանները հիմնված են ականատեսների հուշերի կամ նախկինում հրատարակված պատմությունների վրա:
Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը կարևորեց հատկապես Գյումրիում նմանատիպ միջոցառման կազմակերպումը: «Քըրքորյանն այն պահին իր առատ ձեռքը մեկնեց Գյումրիին, երբ Գյումրին ավերակված էր և ավերակված էին հատկապես մշակութային օջախները, և նրա տրամադրած 151 մլն դոլարը դարձան թաղամաս, բանուկ փողոցներ ու մշակույթի օջախներ»,-նշեց Հասմիկ Կիրակոսյանը:
Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ամերիկահայ միլիարդատերը 1988–ին ստեղծեց «Լինսի» հիմնադրամը՝ ֆինանսավորելով 220 միլիոն դոլարի ծրագրեր։ Միայն 73 միլիոնը հիմնադրամը ծախսել է ճանապարհաշինության վրա՝ վերանորոգելով 435 կիլոմետր պետական նշանակության ճանապարհներ։ 45 միլիոն դոլար էլ հատկացրել է երկրաշարժից ավերված բնակֆոնդի վերականգման համար. Շիրակի ու Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք՝ 3674 բնակարանով:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ