Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Սփյուռքի նախարարությունը պատրաստակամ է աջակցելու ՀՄԸՄ ծրագրերին. մեկնարկեց կազմակերպության 100-ամյակին նվիրված գիտաժողովը


ԵՐԵՎԱՆ, 26  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում մեկնարկել  է ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիտաժողովի շրջանակում մարվեց և շրջանառության մեջ դրվեց նամականիշ՝ «Սպորտ. Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակ»-ին:

 Բացման խոսքում Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն ասաց, որ ՀՄԸՄ 100-ամյակը հիանալի առիթ է հոմենթմենի գործունեությունը կարևորելու, ուսումնասիրելու, հանրայնացնելու և արժևորելու նրա դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում: «Հոմենըթմենն իր ստեղծման օրվանից աշխատեց իրականացնել տարբեր ծրագրեր՝  դաստիարակելով հայրենասիրական և մարդասիրական արժեքներ: Ինձ  համար, որպես նախկին հոմենըթմենական, և նախկին հոմենըթմենականների զավակ, անչափ ոգևորիչ են այս հոբելյանի առիթով տեղի ունեցող տոնախմբությունները»,-նշեց փոխնախարարը:

Նա համոզմունք հայտնեց, որ հայրենիքում համախմբված հոմենըթմենի մեծ ընտանիքի անդամները դրական մեծ լիցքեր կստանան և նոր ուժով և եռանդով կշարունակեն իրենց ալեկոծությունը:

«Վստահեցնում եմ, որ սփյուռքի նախարարությունը պատրաստակամ է մշտապես աջակցելու հոմենըթմենի ծրագրերին, որոնք կհանգեցնեն որակական նոր մակարդակի համագործակցության: Մենք այսօր նոր սկիզբ ենք դնում Հայաստան- Սփյուռք կապերի մեջ, նոր ձևաչափով, գործելով նոր Հայաստանում»,-ընդգծեց Տեր-Գրիգորյանը:

ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամ Իշխան Եղիայանն էլ հավելեց, որ  հոմենըթմենին նվիրված գիտաժողովն իր տեսակի մեջ, թերևս, առաջինը չէ, բայց իր ձևի և բովանդակության մեջ մեծ կարևորություն է ներկայացնում: «ՀՄԸՄ-ն սոսկ շարժում չէ, այն մինչ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այսօրվա գիտաժողովի զեկուցողները արխիվների և զանազան աղբյուրների միջից լուսարձակի տակ կառնեն, և հանրությանը կներկայացնեն հոմենըթմենի հարյուրամյա վաստակի զանազան հանգրվանները ժամանակագրական կապով»,-ասաց նա: 

Գիտաժողովի ընթացքում «ՀՄԸՄ կազմավորումը, առաջին քայլերն ու գործունեությունը» թեմայով զեկուցում կկարդա Հայկ Դեմոյանը: «Մայր Հայրենիք վերադարձն ու գործունեությունը (1918-1921)» թեման կշոշափի Հարութ Չեքիճյանը: «ՀՄԸՄ իբրեւ Սփյուռքում հայապահպանության ջահակիր եւ համասփյուռքյան կառույցի ստեղծումը» թեմայով կզեկուցի Տիգրան Ճինպաշյանը:  «Վերընձյուղում Հայրենիքում եւ գործունեությունը 1989-ից մինչեւ մեր օրերը» թեման կարծարծի Գեղամ Մանուկյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ