Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետք է վերականգնենք Հրազդան քաղաքի երբեմնի հռչակը․ Սուրեն Պապիկյան

Պետք է վերականգնենք Հրազդան քաղաքի երբեմնի հռչակը․ Սուրեն Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Լիլիթ Ստեփանյանին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ՝ նախարար Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ քաղաքը թևակոխում է զարգացման նոր փուլ և Լիլիթ Ստեփանյանն օժտված է անհրաժեշտ բոլոր որակներով՝ քաղաքում երկար սպասված դրական փոփոխություններ բերելու համար։ «Հրազդանի մոռացված լինելը, քաղաքում առկա սոցիալական, տնտեսական, բնապահպանական բազմաթիվ խնդիրները պայմանավորված են եղել անուշադիր, անխնամ և սխալ վարչական վարվեցողությամբ, ուստի մենք պետք է անենք հնարավոր առավելագույնը՝ Հրազդանի երբեմնի հռչակը վերականգնելու համար»,- ասել է Սուրեն Պապիկյանը։

Իր խոսքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ Հրազդանի ներկայիս վիճակը հարիր չէ մարզկենտրոնին և այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել լրջագույն բարեփոխումներ, և այդ բարեփոխումները պետք է սկսել հենց այսօրվանից՝ միաժամանակ հավելելով, որ այս գործընթացում ՏԻՄ օրենքը պետք է դառնա համայնքների պաշտոնյաների գործունեության առաջնորդման սեղանի գիրքը։ Ավարտելով՝ մարզպետը իր գործուն աջակցությունն է հայտնել Լիլիթ Ստեփանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Պատգամավոր Սասուն Միքայելյանը ևս շնորհավորել է Լիլիթ Ստեփանյանին և վստահեցրել, որ թիմային աշխատանքի միջոցով կկարողանան լուծել հրազդանցիներին երկար տարիներ հուզող հարցերը։

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարձր վստահության համար և ընդգծել, որ թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորվել է մի նոր իրողություն, որի պայմաններում հանրային քաղաքականության մշակման և իրականացման գործում առանցքային է դարձել կանանց մասնակցության քաղաքական նոր մշակույթը։ Ներկայացնելով Հրազդան քաղաքի հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում առկա բազմաթիվ և բազմազան խնդիրները՝ Լիլիթ Ստեփանյանը վստահությամբ արձանագրել է, որ թիկունքում ունենալով իրեն ներկայացնող քաղաքական թիմի աջակցությունը` պատրաստ է ներդնել իր ողջ ներուժը` սեղմ ժամկետներում քաղաքում բարձր ցուցանիշներ ապահովելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am