Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդում կձևավորվի ֆինանսական աջակցության հարցերով զբաղվող խումբ

Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդում կձևավորվի ֆինանսական 
աջակցության հարցերով զբաղվող խումբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը տեղեկացրել է, որ կառավարության կողմից հաստատվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման և գործառույթների իրականացմանն ուղղված հարաբերությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նախարարը գրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: 

«Առաջարկվում է Լիազոր մարմնին կից ստեղծել 25 անդամից բաղկացած խորհուրդ, որի կազմում հավասար թվով կընդգրկվեն հանրապետական գործադիր և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և օրենքով սահմանված հատուկ կառույցների՝ աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչներ: Խորհուրդը կգործի հասարակական հիմունքներով, կազմում կընդգրկվի նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ:

Իր գործունեության շրջանակում Խորհուրդը ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացնելու հնարավորություն կունենա:

Նախատեսվում է խորհրդի կազմում ձևավորել նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման հարցերով զբաղվող բազմամասնագիտական խումբ, որը կքննարկի և խորհրդի նախագահին կներկայացնի ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման առաջարկներ:

Խորհուրդը կարող է դառնալ արդյունավետ մեխանիզմ, որը կաջակցի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության մշակման և դրա իրականացման գործընթացների համակարգմանը, կապահովի պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև կապն ու համագործակցությունը»,-  գրել է Մանե Թանդիլյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am