Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը նախ շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և ֆրանսիական թիմին մաղթել հաջողություններ:  Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Հանձնառու ենք այն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն։ Շնորհակալ ենք Ֆրանսիային նախապատրաս­տական աշխատանքներում ցուցաբերվող աջակցության համար»,- ասել է ՀՀ վարչապետը՝ ավելացնելով, որ գագաթնաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվելու նաև տնտեսական բաղադրիչին. նախատեսվում է անցկացնել ֆրանկոֆոն երկրների գործարարների և գործատուների բիզնես ֆորում և այդ ֆորումի արդյունքում ստեղծել ֆրանկոֆոն երկրների գործարարների ցանց: Վարչապետը հավելել է, որ Հայաստանում գործարարության համար ստեղծված են հավասար պայմաններ և համոզմունք հայտնել, որ նոր պայմաններում նոր խթան կստանան նաև հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովին այդ կարևոր միջոցառումն առավել հնչեղ կդարձնի թե՛ Հայաստանի և թե՛ ողջ ֆրանկոֆոն համայնքի համար։

Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորել մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով հանգուցալուծումը: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական: Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում կանցկացվի բարձր մակարդակով և հույս է հայտնել, որ Հայաստան կատարելիք այցի ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել հայ-ֆրանսիական կապերի հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցերն ու նախագծերը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտությանը և կարևորել դրա կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել համանախագահ երկրնե­րի, այդ թվում Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված Արցախի հիմնախնդրի խաղաղ հան­գու­ցալուծ­մանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավա­տարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակ­ցային գործընթացին և հավելել, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am