Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայում ընտրություների արդյունքները համարում է այդ երկրում ազգայնամոլության աճի արտացոլումը

Ռուբեն Մելքոնյանը Թուրքիայում ընտրություների արդյունքները համարում է այդ 
երկրում ազգայնամոլության աճի արտացոլումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքական խճանկարը Թուրքիայում ընտրություններից հետո. հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» քննարկման ժամանակ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում  հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ այդ երկրի քաղաքական և հասարակական դաշտում էականորեն աճել է ազգայնամոլությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններում բարձր ձայն հավաքած «Ժողովրդական դաշինք»-ը կազմված է երկու ծայրահեղական ուժերից՝ մեկը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ)  կուսակցությունն է, որը իսլամական ազգայնականության հետևողական կրողն է, իսկ մյուսը «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ), որն էլ ծայրահեղ աջ ուժ է:

«Այս դաշինքն է, որ խորհրդարանական ընտրություններում հավաքել է 50 պլյուս մեկ և ավելի ձայներ: Այս առումով կարող ենք ասել, որ Էրդողանը հաղթել է և նախագահական, և խորհրադարանական ընտրություններում, քանի որ հաղթել է այն դաշինքը, որը նա գլխավորում էր: Այստեղ կա ևս մեկ կարևոր հանգամանք, որ Էրդողանի հարազատ կուսակցությունը՝ ԱԶԿ-ն, 2002 թվականից հետո առաջին անգամն է, որ խորհրդարանում չունի 50 պլյուս մեկ տոկոս ձայն, ինչը թույլ չի տալիս միանձնյա կառավարելու երկիրը, և այդ խնդիրը լուծվում է ԱՇԿ-ի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու միջոցով:  Ինչ վերաբերում է նրան, որ Էրդողանը միանձնյա ստացել է ավելի մեծ թվով ձայներ քան իր կուսակցությունը,  դա պետք է բացատրել հետևյալով, որ այն հատվածը, որը ձայն է տվել Էրդողանին, այդ նույն հատվածը ձայն է տվել դաշինքին և այդ ձայները բաշխվել են 42 տոկոս  ԱԶԿ-ին , 11 տոկոս ԱՇԿ-ին: Այս երկուսի հանրագումարը ըստ էության Էրդողանի վերցրած ձայների հետ գրեթե նույնն է»,-անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝  փաստեց Մելքոնյանը:

Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիայում զգալիորեն աճել է ազգայնամոլությունը: «Թուրքիայի հասարակական և քաղաքական դաշտում էականորեն աճել է ազգայնամոլությունը, սա արձանագրվեց նաև ընտրությունների արդյունքներով, քանի որ ծայրահեղ ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցությունը տրոհվեց և առաջացավ 2 կուսակցություն, որոնք երկուսն էլ հաղթահարեցին 10 տոկոսի շեմը: Այդ կուսակցություններից մեկը իշխանական դաշտից ԱՇԿ-ն էր,  մյուսը՝ ընդդիմադիր դաշտից «Լավ» կուսակցությունը: Եթե նախկինում ազգայնականները հավաքում էին 13-15 տոկոս, ապա այս ընտրություններում 2 ազգայնամոլական կուսակցությունները հավաքել են 22 տոկոս, ինչը նշանակում է, որ ազգայնամոլության մակարդակը ավելի քան 6 տոկոսով աճել է»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետն, անդրադառնալով Թուրքիայի խորհրդարան անցած երկու հայ պատգամավորներին, հայտարարեց, որ նրանց և նրանց գործունեությունը պետք է հստակ տարբերել իրարից:

«Գարո Փայլանը, ով (Թուրքիայի խորհրդարան է անցել ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից.-հեղ) բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է կամուրջ հանդիսանալ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Ինչ վերաբերում է մյուս հայ պատգամավոր Մարգար Եսայանին (խորհրդարան է անցել իշխող ԱԶԿ կուսակցությունից.-հեղ) ապա նրա պարագայում մենք չենք տեսել ոչ մի ակտիվություն նույնիսկ Թուրքիայի հայ համայնքի խնդրիների առումով: Նրա ողջ պատգամավորական գործունեության ընթացքում որևէ փոքր մեսիջ անքամ չի եղել հայ համայնքի խնդիրների կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ: Ավելին նրան հիշում ենք որպես տարբեր միջազգային հարթակներում հակահայկական և հակաարցախյան քվեարկությունների ժամանակ Թուրքիայի օգտին կատարած քվեարկությամբ: Այս ամենը հասկանալի է, բայց նաև բնական է, որ մենք տարբերակում ենք Գարո Փայլանին Մարգար Եսայանից»,-հայտարարեց Մելքոնյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]