Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արդեն պատմություն են. երկրում փակվել են բոլոր ընտրատեղամասերը, մեկնարկել է ձայների հաշվման գործընթացը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ի քվեարկությանը Թուրքիայում մասնակցելու իրավունք ուներ ավելի քան 59 մլն քաղաքացի: Նախնական դիտարկումներն արդեն վկայում են այն մասին, որ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը բավականին բարձր է եղել:

*Թուրքիայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Էրդողանը կատարել է իր ընտրությունը:

Արտերկրում բնակվող թուրքերն արդեն իսկ կատարել էին իրենց ընտրությունը հունիսի 7-ից մեկնարկած ու 19-ին ավարտված քվեարկության ընթացքում. այդ նպատակով 60 երկրում բացված էր 123 ներկայացուցչություն:

Ընտրությունները չեն անցել առանց ընտրախախտումների: Ուշագրավ է, որ հատկապես ահազանգեր են ստացվել երկրի քրդաբնակ շրջաններում ընտրական գործընթացի խախտումների վերաբերյալ: Մասնավորապես, թուրքական մեծ թվով լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ երկրի հարավ-արևելյան Ուրֆա նահանգի Սուրուչ գավառում ոստիկանությունը կանգնեցրել է ավտոմեքենա, որում 4 պարկ քվեաթերթիկ է եղել: Ավտոմեքենայում գտնվող երեք անձինք ձերբակալվել են, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

*Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում այն ավտոմեքենայի մոտ, որում քվեարթերթիկներով լցված պարկեր են հայտնաբերվել:

Բացի այդ, տեղեկություններ կան նաև այն մասին, թե Սուրուչի դպրոցներից մեկում ծագած վիճաբանության հետևանքով զոհ է գրանցվել, իսկ ոստիկանությունը առգրավել է քվեատուփերը: Լուրը, սակայն, նահանգապետարանը հերքել է: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից այս մասին հայտնել են, որ ունեն տեղեկություն դանահակահարության վերաբերյալ, սակայն զոհ գրանցվելու մասին տեղյակ չեն: Կան ահազանգեր Ուրֆայում այլ խախտումների մասին ևս:

Որոշ ընտրատեղամասերում գրանցվել են վիճաբանություններ տարբեր քաղաքական ուժերիր կողմնակիցների միջև, հարձակումներ են իրականացվել քրդամետ կուսակցության վստահված անձանց դեմ, քվեաթերթիկների լցոնման փորձեր են արվել: Քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Ուրֆայում իրենց վստահված անձինք բռնությամբ հեռացվել են ընտրատեղամասից:

Հետաքննություն է սկսվել 14 օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնցից 4-ը` իտալացի, 3-ը` ֆրանսիացի,  6 գերմանացի և 1-ը` իսլանդացի: Նրանք, ներկայանալով որպես օտարերկրյա դիտորդներ, խաբեությամբ փորձել են միջամտել ընտրական գործընթացին:

Իսկ Էրզրումում ընտրատեղամասում երկու ընտանիքի միջև ծագած զինված վեճի հետևանքով 2 մարդ զոհվել է, 3-ը` վիրավորվել:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություն: 2018 թվականի սկզբին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը հնարավորություն ընձեռեց կուսակցություններին ընտրություններին մասնակցել դաշինքների միջոցով: Արդյունքում, հունիսի 24-ի ընտրություններին իշխող ԱԶԿ-ն «Ժողովրդական դաշինք»-ի ներքո հանդես է գալիս «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ միասին: Իսկ ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Լավ», «Երջանկություն» («Սաադեթ»)  կուսակցությունները միավորվել են «Ազգային դաշինք»-ի ներքո: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն (ԺԴԿ), ինչպես նաև «Հայրենիք» («Վաթան») և «Ազատ գործ» («Հյուր Դավա») կուսակցությունները հանդես են գալիս առանց դաշինքների:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն առաջադրել են 4 հայազգի թեկնածուի: Նրանք են՝ Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, Գարո Փայլանը և Լուդմիլա Բյույումը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, Էլմաս Կիրակոսը՝ «Լավ» կուսակցությունից:

*Լուսանկարում Գարո Փայլանն է, ով այս ընտրություններին առաջադրված է Դիարբեքիրից:

Նախագահական ընտրություններին մասնակցում են 6 թեկնածուներ՝ «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ՀԺԿ թեկնածու Մուհարեմ Ինջեն, «Լավ» կուսակցությունից՝ Մերալ Աքշեները, ԺԴԿ-ից՝ Սելահաթթին Դեմիրթաշը, «Երջանկություն»-ից՝ Թեմել Քարամոլլաօղլուն և «Հայրենիք»-ից՝ Դողու Փերինչեքը:

Նշենք, որ առաջինը հաշվվելու են նախագահական ընտրության քվեները: Քվեարկության նախնական պատկերը հստակ կլինի առաջիկա ժամերին:

Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ