Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանցի մասնագետները ձեռագրերի վերականգնման և պահպանման իրենց փորձը փոխանցելու են սիրիացի գործընկերներին

Հայաստանցի մասնագետները ձեռագրերի վերականգնման և պահպանման իրենց փորձը 
փոխանցելու են սիրիացի գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցները Հայաստանում անցկացվող դասընթացի արդյունքում ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի պահպանման իրենց փորձը կփոխանցեն սիրիացի փորձագետներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 22-27 անցկացվելիք դասընթացը կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության» ծրագրի շրջանակում:

«Մեծ պատիվ է վարել դասընթաց, որում Մատենադարանի մասնագետներն իրենց փորձն ու գիտելիքները կփոխանցեն սիրիացի մեր քույրերին ու եղբայրներին: Սիրիան հարուստ մշակութային ժառանգություն է տվել համաշխարհային քաղաքակրթությանը: Եվ հիմա այդ երկրի մշակույթը մեծ վտանգի առաջ է կանգնած: Հայերս շատ լավ հասկանում ենք, թե ինչպիսի վնաս կարող են հասցնել բարբարոսները»,-ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարանը ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի վերականգնման գործում մեծ փորձ ունի: Դեռ վաղուց ունեցել է խումբ, որի նպատակն էր իրականացրել հնագույն մագաղաթյա ձեռագրերի կոնսերվացում՝ բացառելով քիմիական միջոցների կիրառումը: Տասնամյակների ընթացքում փոքրիկ խումբը մեծացել է՝ դառնալով մի մեծ բաժին, որտեղ աշխատում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Բաժինը հագեցած է ժամանակակից սարքերով:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ մագաղաթագիր և տպագիր ժառանգության պահպանության հիմնական նախապայմանն այն միջավայրն է, որտեղ նրանք գտնվում են: Իսկ այդ միջավայրի բնականոն ու պատշաճ գործունեությունն ապահովում են մասնագետները: «Իսկ Մատենադարանի մասնագետներն ամենայն պատասխանատվությամբ են վերաբերում իրենց գիտելիքների կիրառմանը»,-նշեց Մակունցը:

Մատենադարանի աշխատակիցների կողմից անցկացվող դասընթացին մասնակցելու է ժամանել 8 սիրիացի: 

Դամասկոսի ձեռագրերի պահպանության կենտրոնի ներկայացուցիչ Էվելին Ջաբուրը նշեց՝ շատ ուրախ է, որ Սիրիայի հին փաստաթղթերը պահպանել սովորելու ավելի մեծ հնարավորություն է ընձեռված: «Այստեղ եկել ենք մեր գիտելիքներն ընդլայնելու համար: Շատ ուրախ եմ, որ հայ մասնագետներից պետք է սովորենք»,-ասաց նա:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն այս ծրագիրը եզակի համարեց: Առաջին նախագիծն է, որի շրջանակում ընդունում և փորձի փոխանակում են կատարում սիրիացի մասնագետների հետ: «Սիրիական ճգնաժամի առաջին օրվանից Հայաստանն իր հնարավորությունների շրջանակում փորձում է օժանդակել բարեկամ ժողովրդին: Սիրիացի մասնագետների համար նախատեսված այս վերապատրաստման դասընթացը դրա ևս մեկ ապացույցն է»,-ասաց Հովակիմյանը:

«Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթացը» համատեղ կազմակերպվել է  «Մատենադարան» և «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամների, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի աջակցությամբ՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիայի ու Ֆլանդրիայի կառավարությունների աջակցությունը ստացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության» ծրագրի շրջանակում:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am