Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

«ՍտարտՀաբ» նախագիծը կմիավորի Հայաստանի ստարտափների սկսնակներին և ՏՏ ոլորտի առաջատարներին


ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՍտարտՀաբ» նախագծի օֆլայն հարթակի շնորհիվ ստարտափների ներկայացուցիչները հնարավորություն կունենան քննարկումներ անցկացնելու ՏՏ ոլորտի առաջատարների հետ: «ՍտարտՀաբ» օֆլայն հարթակը կիրականացվի պարբերաբր կազմակերպվող հանդիպում-քննարկումների միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ նախագծի օֆլայն հարթակի մեկնարկը հունիսի 21-ին տվեցին «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամն ու Beeline-ը:

«ՍտարտՀաբ» օֆլայն հարթակը հանդիպում-քննարկումների շարք է, որտեղ փորձելու ենք միավորել ստարտափների սկսնակներին արդեն որոշակի արդյունքի հասած փորձագետների հետ: Կփորձենք Հայաստանում ստարտափների ոլորտում սկսնակների կարողություններն օգտագործել այս նախագծի շրջանակում»,-ասաց «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Չախալյանն ու հավելեց, որ հանդիպումները կլինեն մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ:

Հանդիպում-քննարկումներին կմասնակցեն հետաքրքիր մարդիկ, ովքեր ինչ-որ բանի են հասել ՏՏ և առհասարակ բիզնեսի ոլորտում:

«ՍտարտՀաբ» նախագիծը բաղկացած է երկու հարթակից՝ օֆլայն և օնլայն: Օնլայն հարթակը պատրաստում են թողարկել հուլիսի վերջին: «Այն լինելու է տեղեկատվական-ուսումնական կայք՝ ուղեցույց, որտեղ ամբողջովին ներկայացվելու է Հայաստանի ստարտափ-ոլորտը: Մենք նպատակ ունենք բոլոր ստարտափների մասին տեղեկատվություն տալ հասարակությանը»,-նշեց Չախալյանը:

Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իրենց սոցիալական քաղաքականության հիմնական ուղղություններից համարեց Հայաստանում ստարտափների զարգացումը: «Մեզ համար շատ կարևոր է, որ ստարտափների համակարգն օգնի տաղանդավոր հայ երիտասարդներին՝ ստեղծելու արդյունք, որը կօգտագործվի ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում: «ՍտարտՀաբ» նախագիծը ևս մեկ քայլ է, որ ստարտափ համակարգը  դառնա ամենալավն աշխարհում»,-ասաց նա:

«ՍտարտՀաբ» նախագծի օֆլայն հարթակի առաջին հանդիպման խորագիրն էր «Ստարտափները Հայաստանում. հիմնախնդիրներ և զարգացման ուղղություններ»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ