Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

«Երևանյան բեսթսելեր». Հարրի Փոթերի մասին գրքերն առաջատարներ են. մանկական գրականություն. մայիս, 2018


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը փոխում է «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի մեթոդաբանությունը: Հրատարակչությունների հետ քննարկման արդյունքում այսուհետև մենք վարկանիշային աղյուսակը կկազմենք ամսական վաճառքի տվյալներով: Ամսվա յուրաքանչյուր առաջին ուրբաթ օրը ձեզ կներկայացնենք հայ գրողների գեղարվեստական, երկրորդ ուրբաթ օրը՝ թարգմանական ստեղծագործությունների, երրորդ ուրբաթ օրը՝ մանկական գրքերի, իսկ չորրորդ ուրբաթ օրը՝ փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակները: Տասնյակները կկազմվեն նախորդ ամսվա վաճառքների տվյալների հիման վրա: Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը:

Առաջին հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքն է:  Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: 

Երկրորդ հորիզոնականում  Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունն է: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, թե նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ–որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ: 

Երրորդ հորիզոնականում Ա. Կոնան Դոյլի «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքն է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոք Հոլմսի զանազան արկածները:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Լինում է, չի լինում» ժողովածուն: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի«Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելի ստեղծագործություններն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:

Ա. Կոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են» գիրքը հինգերորդն է: Հանրահայտ Շերլոք Հոլմսի անհավանական, գրավիչ և անսպասելի շրջադարձերով լի արկածները պատանի ընթերցողներին հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու իրենց շրջապատող աշխարհն ու երևույթները, զարգացնելու քննադատական մտածողության հմտությունները:

Վեցերորդ հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

«Գտնված երազ» հանրահայտ մուլտֆիլմի հիման վրա ստեղծված համանուն գիրքը յոթերորդն է: Փոքրիկ աղջիկը ցանկանում է գտնել իր պապիկի կորած քունը և հայտնվում է նկարների կախարդական աշխարհում, ծանոթանում հեքիաթային արարածների հետ։ Երբ վերադառնում է տուն, պապն արդեն քնած է լինում։

Մանկական բեսթսելերի ութերորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Իններորդ տեղում «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն են: Գրքում ներկայացված են հեքիաթներ, որոնք չափազանց հետաքրքիր են, դաստիարակչական:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում է «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Գիրքը վերահրատարակվել է, ներառում է նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ... «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»  նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլեւ բոլորի համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ...

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

 Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը:

Ցանկում այլևս տեղ չեն գտնելու նախկինում «Արմենպրես»-ի «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության որևէ մրցանակի արժանացած գրքերը՝ բացառությամբ այն դեպքի, երբ գիրքը նոր հրատարակություն է:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 Ջ. Ք. Ռոուլինգ, «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» Զանգակ 57
2 Ջ. Ք. Ռոուլինգ, «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» Զանգակ 53
3 Ա. Կոնան Դոյլ, «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» Անդրանիկ 43
4 «Լինում է, չի լինում»  Զանգակ 36
5 Ա. Կոնան Դոյլ, «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են» Անդրանիկ 32
6 «Հայկական հեքիաթներ» GSM 30
7 Դիլաքյան Եղբայրներ, «Գտնված երազ» Մանմար 30
8 Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ» Արևիկ 29
9 «Հայ ժողովրդական հեքիաթներ» Արևիկ 25
10 «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 19



Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ