Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Հայոց ցեղասպանության մասին խոսելը վիրավորանք չէ, հերքելն է վիրավորանք. Փայլանը 301-րդ հոդվածով իր դեմ սկսված հետաքննության մասին

Հայոց ցեղասպանության մասին խոսելը վիրավորանք չէ, հերքելն է 
վիրավորանք. Փայլանը 301-րդ հոդվածով իր դեմ սկսված հետաքննության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված է Դիարբեքիրից, թուրքական bianet.org կայքին տված հարցազրույցում խոսել է իր դեմ երկրի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով սկսված հետաքննությունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանը նշել է, որ 301-րդ հոդվածն է դարձել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան պատճառը:

«Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար իմ դեմ «թուրքականությունը վիրավորելու» հիմնավորմամբ հետաքննություն է սկսվել: Իրականում, սակայն, Հայոց ցեղասպանությունը հերքելն է վիրավորանք: Անվանեք ինչպես ուզում եք՝ հայերի հետ տեղի ունեցած Մեծ ողբերգությունը հերքելը վիրավորում է թուրքականությունը»,- նշել է նա:

Փայլանը կրկին ընդգծել է՝ ողջ աշխարհն է տեղյակ, որ հայ ժողովուրդը ոչնչացվել է: «Անատոլիայում ամեն հինգից մեկն էինք, իսկ հիմա անգամ հազարից մեկը չենք: Մեր հազարավոր եկեղեցիները, դպրոցները, մշակութային ժառանգությունը, ամեն բան կորցրել ենք: Մենք առաջարկում ենք՝ ինքներդ անվանեք տեղի ունեցած դեպքերը: Ասում ենք՝ արդար հիշողության վրա հիմնված անուն դրեք կատարվածին: Սակայն մեզ տրվող պատասխանը մշտապես հետևյալն է. «Դու չես կարող այս ամենի մասին խոսել»: Ու նմանօրինակ պայմաններում ստացվում է, թե վիրավորում ես թուրքականությունը: Ստացվել է այնպես, որ թուրքերն աշխարհում ընկալվում են, որպես Ցեղասպանությունը հերքողներ: Իսկ ես, հակառակը, պայքարում եմ թուրքերի դեմ այդ անարդարությունը վերացնելու համար»,- ասել է մեջլիսի պատգամավորը:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել:

Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը ենթադրում է քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր վիրավորում են թուրք ժողովրդին, պետության, թուրքականությանը, երկրի պետական կառույցներին, զինծառայողներին և իրավապահներին: Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար ժամանակին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով հետապնդումների էին ենթարկվել «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, թուրք պատմաբան Թաներ Աքչամը, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը և այլք։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ