Մանվել Գրիգորյանը նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի. փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորների միության նախագահ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով: Հունիսի 19-ին լրագրողների հետ զրույցում պատգամավորի պաշտպան Կարեն Քամալյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանը թոքի քաղցկեղով վիրահատվել է արտասահմանում, ինչպես նաև շաքարային դիաբետ հիվանդությամբ ունի ինսուլինային կախվածություն:
«Երեկ պատգամավորը հարցաքննությունից հետ ստացավ համապատասխան բժշկական օգնություն: Նա նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց պաշտպանը:
Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ից ձերբակալված է: ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:
Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում