Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ժառանգությունն» առաջարկում է առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացնել «Բլոկչեյն» տեխնոլոգիաների կիրառմամբ

«Ժառանգությունն» առաջարկում է առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացնել 
«Բլոկչեյն» տեխնոլոգիաների կիրառմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է առաջիկա արտահերթ ընտրություններն անցկացնել աշխարհում նորարարություն համարվող «Բլոկչեյն» տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը, կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այդ տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավոր կլինի ընտրությունների ժամանակ ապահովել «մեկ քաղաքացի, մեկ քվեաթերթիկ, մեկ քվե» սկզբունքը:

«Այս համակարգում տվյալները ներմուծելուց հետո  այլևս հնարավոր չի լինի փոփոխել: Այս համակարգի արդյունքում ընտրողների միասնական բազա է ստեղծվում»,-ասաց նա՝ հավելելով, որ հատուկ քաղաքացու դեպքը ֆիքսող սարքերի միջոցով կբացառվի կրկնաքվեարկությունը: «Դեմքի նույնականացումը շատ ավելի ապահով է, քան մատնահետքը: Խցիկում քվեարկությունից հետո քաղաքացու քվեարկությունը կպահպանվի էլեկտրոնային եղանակով և կփոխանցվի բազա, ինչն էլ ավելի հեշտ կդարձնի ընտրություններից հետո հաշվարկների գործընթացը»-ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ իրենց հաշվարկներով 2 միլիոն դոլար է պահանջվում համապատասխան սարքերը ձեռք բերելու համար: «Աշխատակիցների վերապատրաստման գործընթացն ընդամենը մեկ շաբաթ կտևի: «Ժառանգությունն» էլ արդեն աշխատում է ծրագրային ապահովության վրա»,-ընդգծեց Մարտիրոսյանը՝  հավելելով, որ դրա արդյունքում կարող է կրճատվել նաև ընտրական  հանձնաժողովի անդամների թիվը:

Կուսակցության նախագահի խոսքով` «Բլոկչեյն»  համակարգով ընտրությունների անցկացումը կբարձրացնի Հայաստանի հեղինակությունն աշխարհում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am