Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Ձիարշավներից մինչ ձկնորսություն. Գոմքում զարգացնում են էկոտուրիզմը  


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախիջևանին սահմանակից Գոմք համայնքում զարգանում է էկոտուրիզմը: Վայոց ձորում գտնվող «Բենսոն» զբոսաշրջային կենտրոնը համայնք այցելած զբոսաշրջիկներին առաջարկում է ինչպես բնակվելու, սննդի, այնպես էլ ձիարշավներ կազմակերպելու, ձուկ որսալու, գյուղական բարիքներից օգտվելու հնարավորություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների շրջայցի ընթացքում հիմնադիր Ասլանյանների ընտանիքը ներկայացրեց զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններն ու դրանք ընդլայնելու ծրագրերը: «Մենք զբաղվում ենք գյուղական տուրիզմի զարգացմամբ: Այս համայնքում գնել ենք մի քանի տներ, վերանորոգել, պատրաստել զբոսաշրջիկների համար: Մենք Վայքում ենք ապրում, ամուսինս Գոմքում էր աշխատում: Իրեն շատ էր դուր եկել այս գյուղն ու տարածքը, և այստեղ գնեցինք տուն՝ որպես ամառանոց: Հետագայում ընդլայնեցինք՝ գնելով ևս 4-ը: Ժամանցն ապահովելու համար կազմակերպում ենք ձիարշավներ: Սկզբում ձիերով գնում էինք նույնիսկ Արցախ, հիմա այս տեղանքում ենք միայն կազմակերպում»,-պատմեց հիմնադիր ընտանիքի մայրը՝ Մերին ու հավելեց, որ այս տարածաշրջանում այսպիսի բան առաջին անգամ է արվում:

Մտահաղացումն առաջացել է, երբ դեռ ընդամենը մեկ ձի են ունեցել: Սկսել են մեկով ու հաջողել: Հիմա արդեն 23-ն ունեն: Տերը՝ Կարեն Ասլանյանը գործը սկսելուց մտավախություն չի ունեցել: Նշում է՝ ռիսկով ու հավատով պետք է գործն անել: Ձիերը մեկ օրվա համար վարձելն արժի 10 000 դրամ, իսկ մեկ ժամվա համար՝ 5000 դրամ: Ձիերով նաև մրցույթներ են կազմակերպում:

Նշում են՝ երբ սկսել են ձիերով արշավներ կազմակերպել, Հայաստանում դեռևս ոչ ոք դրանով չէր զբաղվում: Տերերն ասում են՝ այստեղ ամեն ինչ՝ սկսած ուտելիքից, անարատ ու բնական է: Նույնիսկ ծառերը չեն ջրվում, քանի որ տեղանքն այնպիսին է, որ բնական աղբյուրները դուրս են գալիս գետնի տակից: Ձիարշավարանից բացի՝ «Բենսոն»-ում կա նաև լճակ, ունեն նավակներ, որոնք կարելի է թիավարել:

Լճում նաև ձկներ են բազմացնում, որոնք զբոսաշրջիկները կարող են որսալ, իսկ տանտերերը դրանցից համեղ խորտիկներ կպատրաստեն նրանց համար:

Ունեն նաև փոքրիկ խոհանոց, որից կարող են օգտվել նաև հյուրերն ու իրենց ձեռքով ճաշեր պատրաստել: Հիմա քիչ-քիչ բարելավում են իրենց պայմանները: Ստացած եկամուտը ներդնում են բիզնեսն ընդլայնելու գործում: Մտածում են նաև զիփլայն ստեղծելու մասին:

Բավական գեղեցիկ վայրեր ունեն, որոնց լավ կլինի բարձրից նայել: Ուզում են զիփլայնը ժայռից դեպի գյուղն իջեցնել: Նշում են՝ հյուրերին այնտեղ ամենից շատ դուր է գալիս խաղաղությունը, բնությունը, ինչպես նաև հյուրընկալությունը: Էկոտուրիզմ առաջարկող այս հանգստի գոտի են գալիս Ամերիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից:

Այն գտնում են տարբեր ճանապարհներով: Հյուրերի հետ անգլերեն շփվում է տերերի 14-ամյա տղան՝ Բենիկը:

Ասում է՝ անգլերենին վարժ տիրապետում է 5 տարի պարապելու արդյունքում: Բենիկն այս գործում ծնողներին շատ է օգնում: Լրագրողների հետ անկեղծանում է՝ շատ է չարչարվում և դրա համար նույնիսկ փոքրիկ վարձատրություն է ստանում: Հիշում է առաջին աշխատավարձը՝ 10 000 դրամ: Հոր և մոր գործերից և, հատկապես, ձիերից է շատ լավ գլուխ հանում:

Հյուրերին փոքրիկ գաղտնիքներ է բացում՝ երբ ձին ականջները սրում է, ուրեմն, մի բան այն չէ, և հարկավոր է զգուշանալ:

14-ամյա տղան հոր և մոր գործը շարունակողն ու ընդլայնողն է լինելու: Ձիերից ու գունավոր ճոճանակներից բացի՝ բակում աչքի էին զարնում նաև երկու բարձր աթոռ: Ասլանյանները հիշում են նաև դրանց հետաքրքիր պատմությունը:

«Այստեղ Երևանից եկած մեր սանիկները ձիերով հարսանիք են արել 4 տարի առաջ: Հարսն ու փեսան ձի էին նստել, իսկ սայլերը զարդարել գորգերով: Եվ հենց այս աթոռներին էլ նստել էին հարսն ու փեսան»,-պատմում է Մերին:

Աննա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի  

 

Հ.Գ. Նյութը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ, «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ