Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

«Նաիրիտ»-ի վերագործարկմամբ հետաքրքրված ներդրողների թիմը մտադիր է աուդիտ իրականացնել գործարանում


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը մտադիր է «Նաիրիտ» գործարանում իրականացնել աուդիտ, հասկանալ գործարանը վերաբացելու հնարավորությունները: Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ նշելով, որ այս աշխատանքների իրականացման համար իրենց կմիանան հայ մասնագետներ, ինչպես նաև Բուլղարիայում գործող երկու խոշոր կորպորացիաների ներկայացուցիչներ: «Մեր կարծիքով՝ եթե գործարանը շատ չի վնասվել, վեց ամսում հնարավոր կլինի ացետիլենային գիծը թողարկել: Թող վեց ամիս չլինի, ավելի երկար լինի: Քիչ ներդրումներով կարող ենք շատ արագ վերականգնել»,-ասաց Աշոտ Գրիգորյանը։ Նա հայտնեց, որ կառավարության հետ պայմանավորվածության գալուց և աուդիտ սկսելուց երկու ամիս հետո կտեղեկացնեն արդյունքների մասին:

Բացի այդ՝ ըստ նրա՝ իրենք Հայաստանում են հաջորդ ամիս կազմակերպելու բարձր մակարդակի ներդրողների ու քաղաքական գործիչների ժամանումը Հայաստան:

«Մեր այցի նպատակն է հուլիսի երկրորդ կեսին կազմակերպելու բարձր մակարդակի ներդրողների ու քաղաքական գործիչների ժամանումը Հայաստան Սլովակիայից ու Եվրամիությունից: Երկու օր է, ինչ այստեղ ենք և հասցրել ենք մասնակցել մի շարք հանդիպումների»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Աշոտ Գրիգորյանը:

Ներդրողը նշեց, որ կառավարության անդամների, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ ներկայացրել են իրենց ներդրումային ծրագրերն ու «ստացել կանաչ լույս բոլոր խնդիրների լուծման համար, այդ թվում՝ Նաիրիտն աշխատացնելու հետ կապված»: «Այսօր Հայաստանը հայտնվել է համաշխարհային մամուլի կիզակետում, եթե մի ժամանակ մեր այցեքարտը Արամ Խաչատրյանն էր, Շառլ Ազնավուրը, վերջին տարիներին մեր հիանալի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ապա Հայաստանում իշխանափոխությունն այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ ես Լոնդոնում տաքսի եմ նստում, ասում եմ հայ եմ, գիտեն այստեղի իրադարձությունների ու վարչապետի մասին»,-ասաց բանախոսը՝  հավելելով, որ այս իրավիճակը պետք է ծառայեցնել շահավետ ծրագրերի իրագործմանը:

Մասնավորապես, ներդրողը կողմ է Հայաստանում արտադրությունների վերականգմանը, առաջին հերթին՝ քիմիական արդյունաբերության զարգացմանը: «Մենք ունենք հիանալի մասնագետներ, իսկ քիմիական արդյունաբերության քարշակը լինելու է Նաիրիտը»,-հավելեց Աշոտ Գրիգորյանը:

Բանախոսը հույս է կապում նաև ռազմաարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ