Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Արցախի ժողովուրդը ցուցաբերում է քաղաքական և քաղաքացիական բարձր գիտակցություն. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան իրադարձությունների մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը ճշտելու նպատակով 168.am-ը հարց է ուղղել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը: «Արմենպրես»-ը հարցն ու պատասխանը ներկայացնում է ստորև.

-Ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում ծայր առած բողոքի գործողությունները:

-Հանրապետության նախագահը ողջունում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և Հայաստանի վարչապետի հորդորի հիման վրա Ստեփանակերտում բողոքի գործողությունների դադարեցումը: Նախագահ Սարգսյանն ամենօրյա կապի մեջ է Արցախի նախագահի հետ, ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցում է նաև Արցախի նախկին ղեկավարության և հեղինակավոր մարդկանց հետ:

Նախագահը գոհունակություն է հայտնում, որ Արցախի իշխանություններն արագ արձագանքեցին ցավալի միջադեպին, այն դատապարտվեց, որակվեց անթույլատրելի և ստացավ իրավական գնահատական: Արցախի Ազգային ժողովում ստեղծվեց քննիչ հանձնաժողով ստեղծված վիճակի մասին համապարփակ քննարկումների հարցերով:

Միջադեպի շուրջ ծավալված զարգացումները ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը ցուցաբերում է քաղաքական և քաղաքացիական բարձր գիտակցություն:

Նախագահը կիսում է այն գնահատականը, որ Արցախի համար բացառիկ արժեքներ են ներքին կայունությունը, պետական հիմքերի անսասանությունը, երկրի անվտանգության և պաշտպանողունակության հետևողական բարձրացումը, որին հնարավոր է հասնել Արցախի բնակիչների աշխատանքի և կյանքի խաղաղ պայմանների ապահովման և կենսապայմանների բարելավման նպատակով սոցիալ-տնտեսական հարցերի լուծման միջոցով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ