Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ապագայի լրատվության գործառույթն է վառ պահել լույսը. Արամ Անանյանի ելույթը աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովին

Ապագայի լրատվության գործառույթն է վառ պահել լույսը. Արամ Անանյանի ելույթը 
աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովին

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրության ոլորտում առկա ցանկացած նոր մարտահրավեր առաջին հերթին հնարավորություն է մասնագիտական ու տեխնոլոգիական նվաճումները խթանելու համար: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովին «Ժուռնալիստիկայի ապագան նոր մարտահրավերների պայմաններում» թեմատիկ քննարկման ժամանակ ասաց «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

Ելույթի սկզբում նա նախ շնորհակալություն հայտնեց գագաթնաժողովի կազմակերպիչ ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հրավերի համար:

«Ուզում եմ նշել, որ իսկապես շատ ուրախ եմ լինել այստեղ, այս շատ կարևոր քննարկմանը մեր ինդուստրիայի ապագայի վերաբերյալ: Ցանկանում եմ մեր կանխատեսումներին ավելի մեծ լավատեսություն հաղորդել շատ պարզ պատճառով: Ցանկացած նոր մարտահրավեր առաջին հերթին հնարավորություն է, որը խթանում է մեր մասնագիտական ու տեխնոլոգիական նվաճումները: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ լրատվական գործակալությունները ցանկացած փոփոխություններին ամենահարմարվող դերակատարներն են: Մի բան, որն ապացուցվել է մեր կոլեգաների կողմից:

Մեր օրերի իրադրությունը կարելի է բնորոշել որպես մի կողմից ավանդական լրագրության, նոր մեդիայի, սոցիալական ցանցերի, քաղաքացիական լրագրության ու մյուս կողմից արհեստական բանականության համագոյակցության ձև: Որոշ մարդիկ կարող են համարել սոցիալական ցանցերն ու արհեստական բանականությունը որպես պրոֆեսիոնալ լրագրությունը հարստացնող գործիք, մինչ մյուսները դիտարկում են այն որպես սպառնալիք կամ բաց կոչ բոլորի համար՝ ավելի խորանալու մասնագիտության մեջ»,- նշեց Անանյանը՝ նկատելով, որ տարեցտարի լրատվական շուկա մտնող նոր դերակատարների համար արգելապատնեշները նվազում են:

Ընդգծելով, որ տեխնոլոգիաները փոխում են գործակալությունների գործելաոճը՝ «Արմենպրես»-ի տնօրենն ասաց, որ փոքր լրատվական գործակալությունների համար սա հնարավորություն է առանձնահատուկ տեղ զբաղեցնել ուշագրավ պատմություններ ստեղծելու գործում՝ հիմնված տեղական փորձի վրա: «Սա գործում է նաև իմ ղեկավարած «Արմենպրես» լրատվական գործակալության պարագայում, որն այս տարի նշում է 100-րդ տարեդարձը: Մեր ամենօրյա լրատվության մեջ կարևոր մաս է կազմում ծրագրային ապահովման միջոցով լրատվության պատրաստումը, որն արվել է Երևանում գործող «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամի միջոցով»,- նշեց Անանյանը: Նա նկատեց, որ մեր օրերում բովանադակություն տարածող սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը, Twitter-ը, արհեստականորեն ստեղծում են արշիպելագներ, որտեղ ցանկացած անձ պնդում է, որ իր տեսակետը բացարձակ ճիշտ է:

«Ինչպես տեսնում ենք՝ ավանդական մեդիան, մասնավորապես լրատվական գործակալությունները լրատվության պատրաստման ու հավաքագրման, սոցիալական մեդիայի օգտագործման, հաղորդակցման, ուղիղ միացումների ու հրատապ իրազեկման հարցում գտնվում են արհեստական բանականության տեխնոլոգիական զարգացման ավանգարդում: Կարծում եմ, որ մինչև հիմա այդ զարգացումները նման չեն եղել Տրոյական ձիու և մենք չպետք է կոչ անենք «զգուշանալ նվերներ բերող հույներից»:

Արդյոք ավանդական լրագրության ապագան վտանգված է: Կարծում եմ՝ ոչ: Արդյոք տասը տարի անց ավանդական մեդիայի անհրաժեշտությունը կլինի: Ենթադրում եմ՝ միանշանակ այո: Անորոշությունների այդ փուլում մեզ համար ամենակարևոր մարտահրավերը մեր առաքելության մասին չմոռանալն է: Չմոռանալ լրագրության, ճիշտ լուսաբանման առաքելությունը, չմոռանալ, թե ինչու ենք մենք այս ինդուստրիայում, չմոռանալ մեր բարոյական պարտականությունները լրագրողական որոշումներ կայացնելիս: Ապագայի լրատվության գործառույթն է վառ պահել լույսը: Ինչպես ճշմարիտ կերպով նշում են մեր որոշ կոլեգաներ՝ «ժողովրդավարությունը մեռնում է խավարում»:

Վերջին շրջանի մեր փորձը ցույց տվեց, և ես կարծում եմ, որ ձեր դեպքում դա ևս գործում է, որ մեր լսարանը դառնում է ավելի ու ավելի պահանջող: Նրանք չեն ցանկանում պարզապես տեսնել իրադարձությունների մեկնաբանումը, նրանք ցանկանում են իմանալ ինչ է տեղի ունենում այստեղ և հենց այդ պահին, պատրաստակամ են լինել լուրերի անբաժան մասը»,- ընդգծեց Անանյանը:

Ելույթում նա նշեց լրատվական գործակալությունների հնարավորությունների զարգացման հարցում նոր գործիքակազմ ստեղծելու, անհրաժեշտության դեպքում լսարանը կազմող ամեն անձի «դուռը թակելու» կարևորությունը: «Այս միտումներին մենք ականատես եղանք իմ երկրում՝ Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների ժամանակ, որոնք մեր մասնագիտական հանրության մի մասն անվանում է Հայաստանի «թավշյա հեղափոխություն»:

Երախտապարտ ենք տասնյակ մեր միջազգային գործընկերներին, ովքեր ներկա են այս քննարկմանը, ովքեր վստահեցին «Արմենպրես»-ի հավաստի լուրերին, ովքեր վստահեցին արագ ու ստուգված տեղեկատվությանը: Շնորհակալ ենք ձեր վստահության ու աջակցության համար: Մենք փորձեցինք անել լավագույնը, լուսաբանել ամեն բան, որ տեղի ունեցավ ու շարունակում է տեղի ունենալ Հայաստանում, մենք արագ էինք, պահում էինք հավասարակշռությունը: Մեր միջազգային գործընկերների կողմից մեզ ցիտելու բարձր ցուցանիշը ասում ու ապացուցում է այն, որ մեր աշխատանքը պահանջված էր:

Ամփոփելով՝ կցանկանայի ընդգծել, որ իրականությունը հետևյալն է. ագրեգատորների աշխատանքը կավարտվի այնտեղ, որտեղ կսկսվի իսկական լրատվությունը: Ոչ սոցիալական մեդիան, ոչ արհեստական բանականությունը պաշտամունքի առարկա կամ դարման չեն: Ես ցանկանում եմ հիշատակել իմ կողքին նստած ընկերոջ, իմ կողմից շատ հարգված մտավորականի՝ Ջուզեպեի (խմբ. - Իտալիայի ANSA գործակալության գլխավոր տնօրեն Ջուզեպե Չերբոնե) խոսքերը, որոնք նա ասաց 2 տարի առաջ այս ֆորումում որպես արհեստական բանականության մասին առանցքային կանխատեսում. ինտելեկտի ու բանականության կարողությունը իրականությանը ադապտացվելն ու իրականությունը ադապտացնելն է: Սա այն է, ինչ հնարավոր չէ անել արհեստականորեն և ինչից զուրկ են ագրեգատորները: Մինչև հիմա մենք չենք տեսել, որ արհեստական բանականությունը կարողանա առանձնացնել հրատապ լուրերը, կամ զբաղվի պատերազմական լրագրությամբ, կամ խորքային հարցազրույց վարի: Եվ թույլ տվեք այստեղ ավարտել իմ խոսքը: Շնորհակալ եմ»,- եզրափակեց խոսքն «Արմենպրես»-ի տնօրենը:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում մայիսի 24-ին տեղի ունեցավ աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցում էին նաև Ռուսաստանի ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը, Kyodo News-ի (Ճապոնիա) գործադիր տնօրեն Հիրոկի Սուգիտան, Associated Press-ի (ԱՄՆ) միջազգային նորությունների գծով փոխնախագահ Իեն Ֆիլիպսը և ANSA-ի (Իտալիա) գլխավոր տնօրեն Ջուզեպե Չերբոնեն:

Աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովին, ինչպես նաեւ ՊՄՏՀ-2018-ի գործարար ու մշակութային ծրագրին մասնակցում են ավելի քան երկու տասնյակ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Վիետնամի, Գերմանիայի, Եգիպտոսի, Իրանի, Իսպանիայի, Իտալիայի, Ղազախստանի, Չինաստանի, Կուբայի, Լիբանանի, Մակեդոնիայի, Ռուսաստանի, Սերբիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ճապոնիայի մոտ 30 խոշորագույն լրատվական ծառայությունների 50-ից ավելի ղեկավարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am